ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Ամերիկայի հայկական համագումարի և Հայ դատի հանձնախմբի ղեկավարների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հայտնել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում: Նրանք նաև նշել են, որ Նախագահն ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջեք Լյուին գլխավորությամբ ապրիլի 24–ին Երևան կուղարկի նախագահական պատվիրակությունը` կիսելու վիշտը հայ ժողովրդի հետ։

«Այն, որ նախագահ Օբաման զիջեց Թուրքիային, ազգային ամոթ է: Ավելի պարզ ասած՝ դա դավաճանություն է ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը:

«Մինչ ապրիլի 24-ին համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին, նախագահ Օբաման, ցավոք, մեր երկրի հեղինակությունն օգտագործում է ոչ թե ի պաշտպանություն ճշմարտության, այլ մեկ այլ երկրի տաբուի կանոնը պաշտպանելու համար»,- հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Քեն Հաչիկյանը:

ANCA-ն հիշեցրել է, որ ընտրվելու համար Օբաման խոստացել էր 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայերի սպանությունները Ցեղասպանություն ճանարել: 2008 թվականի հունվարի 19-ի հայտարարությունում նա գրել էր. «Անհնար է ժխտել այդ փաստերը: Պաշտոնական տրամաբանությունը, որը դիվանագետներին ստիպում է խեղաթյուրել պատմական փաստերը, անընդունելի է: Որպես սենատոր՝ ես հստակ կերպով սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել