Բոլորս գիտենք, որ Անդրկովկասի ազգերից ամենաշատը ԽՍՀՄ հերոսներ Խորհրդային Միության տարիներին տվել է հայ ժողովուրդը։ Շատերը գիտեն, որ այդ հերոսական հայորդիների թվում են եղել այնպիսի պանծալի կերպարներ, ինչպիսիք են Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը, Իվան Իսակովը, Նելսոն Ստեփանյանը, Հունան Ավետիսյանը... Սակայն, ցավոք, քչերն այսօր կարող են հիշել բոլոր այն 112 հայորդիներին, ովքեր արժանացել են բարձրագույն այս պարգևին Հայրենական պատերազմի տարիներին։

Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ BlogNews.am-ը մինչև մայիսի 9-ը ամեն օր կներկայացնի ձեզ մոռացված հայ հերոսների կենսագրությունները և այն սխրանքների նկարագրությունը, որոնց համար մեր հայրենակիցներն արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

Ռուբեն Ղազարի Հակոբյան 

Акопян Рубен Казарович.jpgՌուբեն Հակոբյանը ծնվել է 1912 թվականի հուլիսի 12-ին ՀՍԽՍ Իջևանի շրջանի Ուզունտալա գյուղում։ Հայրենական պատերազմին մասնակցել է 1943 թվականի մարտից մինչև 1944 թվականի օգոստոսը։

Ռազմաճակատում գտնվել է 1943 թվականի դեկտեմբերից և աչքի է ընկել հատկապես 1944 թվականին՝ Ղրիմի ազատագրման համար մղված մարտերի ժամանակ։ 1944 թվականի ապրիլին՝ Պերեկոպի նեղուցում ամրացած գերմանացիների պաշտպանության ճեղքման մարտերի ժամանակ, 4-րդ ուկրաինական ճակատի, 2-րդ գվարդիական բանակի, 3-րդ գվարդիական դիվիզիայի, 9-րդ գվարդիական գնդի հրաձգային դասակներից մեկը՝ Հակոբյանի հրամանատարության ներքո, ընթացքից տիրացավ հակառակորդի առաջնագծին՝ ծավալված մերձամարտում ոչնչացնելով մինչև 30 գերմանացու և գերեվարելով ևս 15-ին։

Ֆաշիստները մարտի նետեցին 6 տանկ ու մոտ մեկ գումարտակ հետևակ՝ կորցրած դիրքերը հետ բերելու համար։ Այն բանից հետո, երբ ծավալված մարտերի արդյունքում իրենց հրամանատարներից զրկվեցին 1-ին և 3-րդ դասակները, Հակոբյանն, իր վրա վերցնելով ընդհանուր հրամանատարությունը, «Հանուն հայրենիքի, առա՜ջ» խոսքերով բարձրացրեց գումարտակը, գրոհի տարավ, ու Առմյանսկ քաղաքում փողոցային մարտ ծավալվեց, որի ժամանակ Հակոբյանը վիրավորվեց, սակայն, դուրս չգալով մարտից, անձամբ ներխուժեց հակառակորդի խրամատ, որտեղ գտնվում էին գերմանացի սպաներ, և, սպանելով 7-ին, գերեվարեց ևս մի գերմանացի սպայի։

Այս հերոսական մարտում Հակոբյանն ու իր հրամանատարության ներքո գործող զինվորները ոչնչացրեցին ու գերեվարեցին մի քանի տասնյակ գերմանացի զինվորների ու սպաների, գրավեցին զենիթային մի մարտկոց, ինչպես նաև 12 ձեռքի ու 3 հաստոցավոր գնդացիր, բազմաթիվ ինքնաձիգներ, հրացաններ ու զինամթերք։ Առմյանսկի ազատագրումով գերմանական զորախումբը տրոհվեց երկու մասերի՝ կազմալուծելով գերմանական պաշտպանության ողջ համակարգը ռազմաճակատի այդ հատվածում։

1944 թվականի մայիսի 16-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ Ռուբեն Հակոբյանն արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման այս սխրանքի համար։ Հակոբյանը ծանր վիրավորվեց 1944 թվականի օգոստոսին և ապաքինվելուց հետո զորացրվեց պահեստազոր՝ ավագ լեյտենանտի կոչմամբ։

Մեծանուն այս հայորդին ապրեց երկար կյանք ու մահացավ 1994 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել