Միջազգային տրանսֆերային շուկայում հայաստանցի ֆուտբոլիստներից ամենաարժեքավորը Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Հեղինակավոր «Transfermarkt» պարբերականում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատված է 12 միլիոն եվրո: Մեր հավաքականի մեկ այլ առաջատար` «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը 3 միլիոն 200 հազար եվրո է, իսկ ահա Կրասնոդարի «Կուբան»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին արժի 1.5 միլիոն եվրո: Հայաստանցի մյուս բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը չի գերազանցում 1 միլիոն եվրոն: Ընդհանուր առմամբ վերը թվարկած երեք ֆուտբոլիստներից մեր հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 6 միլիոն եվրո: Ու, փաստորեն, ըստ մոտավոր հաշվարկի՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր գնահատվում է մոտ 23 միլիոն եվրո: Համեմատության կարգով նշենք, որ հարևան Ադրբեջանի ազգային հավաքականում ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են թուրքական «Դենիզլիսպոր» թիմում հանդես եկող Ռայիլ Մալիկովն ու Աղդամի «Ղարաբաղ»-ի ավագ Ռաշատ Սադիգովը, որոնց տրանսֆերային արժեքը 650 հազարական եվրո է: Վրաստանում էլ ամենաթանկարժեք խաղացողը հոլանդական «Վիտես»-ի ավագ Գուրամ Քաշիան է, ում տրանսֆերային արժեքը 4.5 միլիոն եվրո է: Նշենք, սակայն, որ Վրաստանի հավաքականում հանդես են գալիս 8 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային գինը գերազանցում է մեկ միլիոն եվրոն: Տարածաշրջանում արժեքավորը Թուրքիայի ազգային հավաքականն է, որտեղ հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն: Իսկ ամենաարժեքավորը Մադրիդի «Ատլետիկո»-ի ներկայացուցիչ Արդա Թուրանն է, ում տրանսֆերային գինը 16 միլիոն եվրո է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել