Կառավարության վաղվա նիստը յուրօրինակ նորամուտ է նախկին բնապահպանության նախարար և Կոտայքի նախկին մարզպետ, այժմ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրտնտպետկոմի նախագահ Արամ Հարությունյանի համար: Իբրև ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նա առաջին անգամ է կառավարության քննարկմանը հարց ներկայացնելու, այն էլ «Ոռոգման նպատակով 2015 թվականին Սևանա լճից ջրառի մասին» հարցը: Այն ավելի քան կարևոր է երկրի ոչ միայն գյուղատնտեսության, այլև տնտեսության համար ընդհանրապես:

Անհրաժեշտ է ապահովել Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող համակարգերի իշխման գոտում գտնվող մոտ 39 հազար հա հողատարածքում մշակվող բույսերի ոռոգումը, որի համար կպահանջվի 481,6 մլն խոր մետր ջուր: Սևանա լճի «ուսերին» է թողնվում ամենաշատը 170 մլն խոր մետրի հոգսը, իսկ հիմնական պահանջարկն ապահովվելու է Հրազդան գետից, Ազատի և Ապարանի ջրամբարներից, Մխչյանի և Ռանչպար-Արևշատի պոմպակայաններով մղվող ջրաքանակով:

Որոշմամբ հանձնարարություն է տրվելու նաև բնապահպանության նախարարին. նա պարտավոր կլինի Սևանա լճից ոռոգման ջրի բացթողումն ապահովել ջրտնտպետկոմի ներկայացրած չափաքանակով և ժամկետներում: Արամ Հարությունյանն իրավասու է, ըստ եղանակային պայմանների, ջրի չափաքանակի պլան-ժամանակացույցում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ, ինչպես նաև հոգալ Հրազդան գետի հունի լվացումը` Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին մեկական ժամով բաց թողնելով նախազգուշական և երկու ժամով` հիմնական ելք՝ ընդամենը տարեկան 0,65 մլն խոր մետր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել