Tert.am-ը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի առաջին եռամսյակի դրությամբ 2.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցել առևտրի շրջանառության, էլեկտրաէներգիայի արտադրության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները, արտահանման ու ներմուծման ծավալները:

Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հունվար-մարտի ցուցանիշը 12.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2014թ. նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3.9 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝  4.5 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 3 տոկոսով` կազմելով 288 մլրդ 738.2 մլն դրամ:

Առտրի շրջանառությունը նվազել է 6.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.3 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալների, արտահանման ու ներմուծման ցուցանիշները հունվար-մարտ ամիսներին ոչ ամբողջական են` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ:

Ներկայիս ցուցանիշներով` 2014թ. հունվար-մարտի համեմատ արտաքին ապրանքաշրջանառության ծավալները ընթացիկ տարվա առաջին եռամսյակին նվազել են 28.5 տոկոսով, արտահանումը նվազել է 23.1 տոկոսով, իսկ ներմուծումը` 30.5 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄ Ն դոլարի նկատմամբ հունվար-մարտին եղել է 477.26:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել