Ես իմ կյանքում այսքան նեղված չեմ եղել. գուցե փոքրիկ հաջողություններն ու մտերիմներիս ջերմ աջակցությունը ցրել են հուսահատության շղարշը: Այսօր, հայտնվելով տեղեկատվական հոսքի կիզակետում, անիմաստ դարձած պայքարիս արդյունքներն ավելի տեսանելի են ինձ համար. փաստորեն հետևողական և ուղղորդված աշխատանքն անսասան ժայռի դեմ էր, ու հավատալ այն հնացած մտքերին, թե գեղ կանգնի՝ գերան կկոտրի, կամ պատը հավերժական չի, փաստացի այլևս ուժը կորցրած են դառնում: Այսինքն թե` անիմաստ էր ամեն բան...
Վերջերս ինձ հարցնում են` իսկ ո՞րն է ելքը, և եթե քննադատում ես, ապա ինքդ ի՞նչ տարբերակ ես առաջարկում։ Չեմ ուզում կրկնվել կամ բարձրաձայնել այն, ինչն ակնհայտ է: Ես ելք չեմ տեսնում: Չեմ էլ ուզում մեղքը բարդել ապազգային տարրերի կամ մերօրյա ապաշնորհ «հերոսների» վրա: Եկեղեցու ղողանջներ, մերկ ու խարազանված զոհեր, աղոթքներ, դուդուկ, արցունք, անմոռուկ, արհամարհանք մնացյալի կողմից, իսկ նկատողների կողմից` ստիպողական փիառ զորակցում... Մի խոսքով՝ օրվա հրամայականով ձևավորված ներկայացում, որի հանդիսատեսը միայն ներքին լսարանն է: Ափսոսանք այն երիտասարդների հանդեպ, որոնք այսօր դեռ հավատում են այն արժեքներին, որոնց բացակայության մասին ես համոզվել եմ վերջին տարիների ընթացքում: Այսինքն, սայլը պտտվում է միայն իր առանցքի շուրջ, ու հաջողությունները լինելու են այնքան շոշափելի, որքան որ այսօր են...
Հետաքրքիր է ուղղակի, ձևիստ ու իմ ցավի վրա հրճվանքով շոու սարքող անբարոներն ինչպես են կարողանում այս օրերին հասարակությունից թաքցնել Գալիպոլիի տոնակատարություններին ներկա լինելու իրենց անհագ ցանկությունը...
Գնացեք, քեֆ արեք. այնտեղ ձեզ նմանները պահանջված են, և ոչ ոք ձեզ չի մեղադրի հրճվելու կամ անգրագետ խոսքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել