Tert.am-ը գրում է.

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ապրիլի 23-ին և 24-ին ռիսկային օրեր են լինելու, քանի որ թուրքական և ադրբեջանական կողմերը լծվելու են հայկական կայքերի վրա զանգվածային հարձակումներ կատարելու գործին:

«Այդ օրերին կարելի է սպասել կայքերի վրա զանգվածային հարձակումների: Թիրախային հարձակումներ կարող են լինել լրատվական կայքերի և հատկապես Ցեղասպանության վերաբերյալ կայքերին: Տարիներ շարունակ այդպես էլ եղել է, թուրքերն այդ օրերին կոտրում են հայկական կայքերը: Ամեն տարի չէ, որ այդպես է լինում, բայց մի քանի անգամ լուրջ գրոհներ եղել են: Վերջին մի քանի տարում ադրբեջանական հաքերներն են ներգրավվել ցեղասպանության հերքման մեջ ավելի շատ, քան թուրքերը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ բնականաբար, եթե հայկական կայքերը չեն գործում, ամբողջ ուշադրությունը շեղվում է դեպի թուրքական կայքերը, իսկ այնտեղից էլ, բնականաբար, ապատեղեկատվություն է տարածվում:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, թե այս օրերին խնդիր կա թուրքական և ադրբեջանական կողմերի մոտ, քանի որ եթե նախորդ տարիներին միայն ապրիլի 24-ին էր լրատվությունը կենտրոնանում ցեղասպանության թեմայի շուրջ, ապա այս տարի շաբաթներ շարունակ ամեն ինչ կենտրոնացած է Հայաստանի ու Հայոց ցեղասպանության շուրջ:

«Երբեք Google-ում այդքան շատ չի որոնվել Հայոց ցեղասպանություն եզրույթը, որքան այս երկու շաբաթվա ընթացքում: Այնպես որ, ռիկային օրեր են լինելու ապրիլի 23-ը և 24-ը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել