Ցեղասպանության հարյուրամյակի շուրջ միջոցառումների բարձրացրած հզորագույն միջազգային ալիքն աննկատ չի մնացել Թուրքիայում և արդեն իսկ տալիս է իր դրական պտուղները, ինչի մասին կարելի է պատկերացում կազմել՝ այս տարվա ապրիլի 24-ին նվիրված Ահմեդ Դավութօղլուի ուղերձի տեքստին ծանոթանալով։

Այս ուղերձում, առավել քան երբեք, թուրքական իշխանությունները փորձում են զերծ մնալ ագրեսիվ ու վիրավորական ձևակերպումներից հայերի հանդեպ ու ավելի շատ են շեշտ դնում դարեր շարունակ միասին ապրած ու ընդհանրություններ ունեցող ժողովուրդների ժառանգներ լինելու վրա։

Իհարկե, ուղերձը մեր ընկալման համար շատ հեռու է դրական ու ճիշտ լինելուց, որովհետև բոլոր դրական կամ էլ առնվազն ոչ բացասական երանգներով հանդերձ՝ այն լի է նաև դիտավորյալ անճշտություններով, պատմական կեղծիքով ու սխալ շեշտադրումներով։

Դավութօղլուի ուղերձից բխում է, որ օսմանյան թուրքերին ու մահմեդականներին ևս տեղահանումների ու սպանդի են ենթարկել, ընդ որում, դատելով տոնայնությունից՝ դա արել են հայերը (թեև սկզբունքորեն անհասկանալի է, թե ինչպես կարող էին հայերը համակարգված ու պետականորեն իրագործված տեղահանումներ անել Օսմանյան կայսրությունում)։

Դավութօղլուն կոչ է անում նաև առանց քաղաքականացնելու նայել պատմությանը և խտրականություն չմտցնել հարցի մեջ՝ սևեռվելով միայն հայերի ցավի վրա, ցավակցում է զոհերի ժառանգներին ու հղում է անում Էրդողանի՝ անցած տարի արված նույնօրինակ ցավակցությանը և այլն, և այլն...

Հասկանալի է, որ սա հերթական թուրքական տրյուկն է, ու տեքստի հարաբերական փափկությունն ու հաշտվողականության ոգին պայմանավորված են ոչ թե նրանով, որ նույն Դավութօղլուն անսպասելիորեն գիտակցել է, որ հարյուր տարի առաջ իր պետությունը ոճրագործություն է արել, ոչ էլ անգամ նրա համար է արված, որպեսզի հաշտեցման եզրեր գտնվեն հայերի ու Հայաստանի հետ։ Ամենևին։ Այս ամենի միակ նպատակը մեկն է. «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին՝ ցույց տալով, թե ինչ կառուցողական ու քաղաքակիրթ աշխարհայացք ունի արդիական Թուրքիան, և այդ կերպ նրանք ջանում են մեղմել ահագնացող միջազգային ճնշումն ու բացասական վերաբերմունքն առ թուրքական պետություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել