Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ով Հայոց ցեղասպանության ճանաչման ու ընդունման ակտիվ ջատագովներից է, կոչ է արել նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես նշում է asbarez.com-ը, կոնգրեսականը բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների ղեկավարին` կոչ անելով այս խորհրդանշական տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Նախագա՛հ Օբամա,  100-րդ տարելիցը ճիշտ ժամանակն է, որպեսզի ճանաչեք այդ սարսափելի դեպքերը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Զոհերի հիշատակը հարգելու միակ տարբերակն այդ սոսկալի դեպքերն իրական անունով կոչելն է»,-նշել է Ռոյսը:

Այնուհետ ամերիկացի պաշտոնյան ներկայացրել է մի շարք պատմական փաստեր, ինչպես նաև մեջբերել այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանի խոսքերը. «Թուրքական իշխանությունները, հայերի տեղահանման հրամանն արձակելով, մահվան թուղթ տվեցին մի ամբողջ ազգի: Նրանք սա շատ լավ են գիտակցել ու ինձ հետ զրուցելիս չեն էլ փորձել քողարկել այդ փաստը»:

«Մենք չենք կարող ապագայում ճիշտ վարվել, եթե անտեսենք անցյալի տված դասերը: Մեր վարչակազմում ու Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր, չցանկանալով վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, թույլ են տալիս, որպեսզի Ապրիլի 24-ն անտեսված, չճանաչված մնա:

Փոխարենը՝ մենք պետք է օգտագործենք Ցեղասպանության 100-րդ տարելիցն ու փորձենք բարելավել հայ-թուրքական հարաբերությունները: Իսկ այդ ամենը սկսվում է Սպիտակ տան կողմից Ցեղասպանության ճանաչմամբ»,- նշել է կոնգրեսականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել