Եթե իսկապես Պուտինն ապրիլի 24-ին գնալու է Ծիծեռնակաբերդ, ես անձամբ այդ օրը ոչ մի պարագայում չեմ գնա:

Ուրախանալու բան ենք գտել՝ կգա Պուտինն ապրիլի 24-ին Հայաստան: Կգա ու դրանով կլեգիտիմացնի.

ա) 1918-23թթ. շարունակված Ցեղասպանությանը Խորհրդային Ռուսաստանի մեղսակցության իրավունքը,

բ) ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ողջ շրջանում ԽՍՀՄ ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հայաստանում Ցեղասպանությունից փրկվածերի դեմ մասնավոր տեռորի իրավուքը,

գ) Քեմալական ապստամբությանը, քեմալական Թուրքիային և այժմ էրդողանական Թուրքիային սատարելու Ռուսաստանի իրավունքը, 

դ) Այսօրվա Ռուսաստանում Հայոց ցեղասպանության հիշողությունը ճնշելու իրավունքը...

Կլեգիտիմացնի, քանի որ Պուտինն իրավահաջորդ թագավորն է Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի, մի երկրի, որը ստորագրել է Մոսկվայի, փաստացի՝ նաև Կարսի պայմագրերը, Հայաստանից թողել է կես թոք, կես լյարդ, մի երիկամ, մեկական վերջույթ՝ մի ձեռք և մի ոտք, Լոզանի կոֆերանսին ամեն ինչ արել է հայ փախստականների վերադարձը հայրենիք կանխելու համար և հետո ութսուն տարի բացահայտ արգելել է Ցեղասպաության մասին հիշողությունն անգամ: Պուտինն այդ երկրի ոչ միայն իրավական հաջորդն է, այլև սոցիալական և քաղաքական: Հիմա մեր հասարակությունն ուրախանում է, որ այդ երկրի նախագահ-թագավորն ապրիլի 24-ին Հայաստան է գալու՝ փոխանակ ամեն ինչ անելու, որ գոնե այդ օրը չպղծեր մեր երկիրն ու Ցեղասպանության զոհերին իր ներկայությամբ: Ի՞նչ ասելիք ունի Պուտինն այդ օրը մեր ժողովրդին, ինչպե՞ս և ինչո՞վ է դատապարտում այդ երկիրն ու նրա նախագահ-թագավորը ցեղասպանությունները, անմեղ մարդկանց կոտորածները և հայերի Ցեղասպանությունը մասնավորապես: Մոսկվայի պայմանագիրը վերահաստատելո՞վ, Թուրքիային «չբարկացնելու համար» թուրքական դեսպանատան մոտ Մոսկվայում հայերի խաղաղ ու լուռ ցույց-բողոքն արգելելո՞վ, Անդրանիկի կիսանդրի-արձանը Սոչիի մոտի Լազարևկա գյուղից հանելո՞վ, Սոչի քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշման գործողություններն արգելելո՞վ: Իրավուք ունի՞ առհասարակ այդ օրը նա Հայաստան գալու: Ի՞նչ ունի հաղորդելիք հայ ժողովրդին և աշխարհի մարդկությանը Ցեղասպանության մասին Ցեղասպանություն իրագործած երկրի հարյուրամյա սրտակից դաշակից երկրի նախագահ-թագավորը: Հետը բերելո՞ւ է Մոսկվայի պայմանագիրը, թե՞ մի նոր այդ կարգի պայմանագիր է նախապատրաստում... Իսկ մենք փողհարում ենք՝ «Պուտինը գալու է...»: Ուրախանալով՝ լիուլի նրան բաշխում ենք մեր երկրի, մեր ժողովրդի հետ այդպես վարվելու նրա իրավունքը: Արդյո՞ք Պուտինի պատճառով չէ, որ Ցեղասպանության զոհերի ժառանգներն այսօրվա Հայաստանի բանտում են և չեն կարող այդ օրը Ծիծեռնակաբերդ գնալ՝ հաղորդակցվելու իրենց տանջամահ արված նախնիների հոգիների և հիշատակի հետ: Չեն կարող, որովհետև այնտեղ պետք է գնա նրանց նախնիների դահճի հարյուրամյա սրտակից դաշակիցը: Չեն կարող, որովհետև այդ հարյուրամյա դաշնակցությունը նաև սինխրոն ոճիրների հարյուրամյա շրջան է եղել: 1937-1938թթ. Թուրքիայում կոտորում էին Դերսիմի արևիերին ու վերջին հայերի, ԽՍՀՄ-ում քաղաքացիերին կոտորում էին ԿԳԲ-ի նկուղերում ու ԳՈՒԼԱԳ-ներում, 1942–ին Թուրքիայում ոչ մահմեդականներին էին հավաքում և ունեցվածքի հարկով ճզմում, ԽՍՀՄ-ում կոտորում էին լեհ գերիներին, 1955թթ. սեպտեմբերի 6-7–ին Թուրքիայում՝ Ստամբուլում, կոտորում էին հույների ու հայերին, նույն թվականի մարտի 5–ին ԽՍՀՄ զորքերը ճնշում էին հունգարական ապստամբությունը՝ տանկերով անցելով մարդկանց դիակների վրայով, իսկ 1956–ին ԽՍՀՄ զորքերը Թբիլիսիում ջարդեցին փողոց դուրս եկած բողոքավոր երիտասարդությանը՝ մի մասին գնդակահարելով, մյուսներին բանտերը նետելով: 1990-ականների սկզբներին, երբ ԽՍՀՄ-ում կոտորում էին հայերին՝ Բաքվում, Շահումյանի շրջանում, Ղարաբաղի հյուսիսային գյուղերում, Թուրքիայում, Դերսիմում և Արևմտյան Հայաստանի արևելյան տարածքներում ջարդերով տեղահանում էին հազարավոր բնակավայրերի բնակչությունը.... Այդ արյունոտ հարյուրամյակը շատ սերտ է կապում երկու երկրերի՝ իրենց քաղաքացիներին շարունակաբար ահաբեկած՝ տեռորի ենթարկած իշխանություններին: Կարո՞ղ է Պուտինը կոչ անել Թուրքիային առարեսվելու սեփական պատմությանը, եթե ԽՍՀՄ-Ռուսաստանը չի համարձակվում ի՛ր պատմության հետ առերեսվել: 
Եթե իսկապես Պուտինն ապրիլի 24-ին գնալու է Ծիծեռնակաբերդ, Ծիծեռակաբերդը կկորցի իր գլխավոր՝ դատապարտող իմաստը: Եթե իսկապես Պուտինն ապրիլի 24-ին գնալու է Ծիծեռնակաբերդ, ես անձամբ այդ օրը ոչ մի պարագայում չեմ գնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել