Tert.am-ը գրում է.

Հռոմի Պապը չխոսեց միայն Ցեղասպանության մասին, այլ նա Հայոց ցեղասպանությունը զուտ հայկական ողբերգությունից դուրս բերեց և դարձրեց համաշխարհային ողբերգություն: Նա բերեց զուգահեռներ 20-րդ դարում կատարված իրադարձությունների հետ։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Անդրադառնալով մշակութային դաշտում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման արդյունավետությանը, նա նշեց, որ ամենակարևորն այն է, թե ինչ մակարդակի վրա է դա արվում:

«Մշակույթը և արվեստն այն նուրբ ոլորտն է, որը եթե գործը տաղանդավոր չարվեց, կբերի հակառակ արդյունքի, դրա համար էլ կարևորն այն է, թե ով է դա անում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ թեման երբեք չի կարող լինել որևէ գործ անելու արդարացում, և ցանկացած թեմա կարելի է այնպես աղավաղել, որ երկար տարիներով առաջացնի հակակրանք:

Որպես լավագույն աշխատանքներից մեկը Ռուբեն Բաբայանն օրինակ բերեց Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակ» ֆիլմը, որը նվիրված է հրեաների Հոլոքոստին:

«Այնքան հանճարեղ է նկարված, որ այս ֆիլմը ավելի մեծ դեր է կատարել, քան այլ որոշ ուսումնասիրություններ, գիտական աշխատանքներ»,-ասաց նա և նշեց, որ այս տարի մեզ մոտ առանձնահատուկ ֆիլմ չի նկարահանվել, սակայն ներկայացումներ բեմադրվում են:

«Երբ ինչ-որ գործողություններ իրականցվում են որևէ իրադարձության հետ կապված, շատ աղբ է ի հայտ գալիս, ինչը բնական բան է: Կարևորը, որ լինեն նաև տաղանդավոր գործեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակին` Ռուբեն Բաբայանն ասաց, որ  այն այնքան էլ իր համար հետաքրքիր և տպավորիչ չէր:

«Պետք է հասկանալ, որ արվեստում նման բաները չպետք է ունենան նեղ ազգային սպառում. եթե այն դուրս չի գալիս ազգային շրջանակներից և իր բնույթով լայն չէ, անկախ նրանից, թե ինչ լեզվով է, կարծում եմ, որ նպատակին  չի հասնի: Առավել ևս այնտեղ ներկայացված մարդիկ կան, ովքեր անհամատեղելի են իրենց դերով հայ մշակույթի մեջ»,-ասաց նա և պարզաբանեց, թե նկատի ունի օրինակ Տիգրան Մանսուրյանին և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին:

Ինչ վերաբերում է կինոյի ոլորտին, ապա նա ասաց, որ ունենք ֆիլմեր, որոնք մեզ մոտ չեն նկարահանված և համաշխարհային մակարդակի են, սակայն Հայաստանում էլ կան լավ նկարահանված ֆիլմեր, օրինակ՝ Հենրիկ Մալյանի «Նահապետը»:

«Ամենակարևորը ճիշտ լեզու գտնելն է, որպեսզի քո ցավը չմնա միայն քո ցավը: Այդ  տեսակետից, ես կարծում եմ, որ շատ մեծ դեր է խաղացել Հռոմի Պապի ելույթը, ով չխոսեց միայն Ցեղասպանության մասին, այլ նա Հայոց ցեղասպանությունը զուտ հայկական ողբերգությունից դուրս բերեց և դարձրեց համաշխարհային ողբերգություն: Նա բերեց զուգահեռներ 20-րդ դարում կատարված իրադարձությունների հետ»,-ասաց նա:

Նա նկատեց, որ և բարձր մշակույթում, և ընդհանրապես շոու բիզնեսում Ցեղասպանության անդրադարձը իր արդյունքը տալիս է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել