Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է ԱՄՆ: Արդեն իսկ հասկանալի է, թե ինչ մոտիվներով է այդ այցը պայմանավորված: Ըստ որում, պատահական չեն նրա հակահայ հայտարարությունները:

Թուրքական Tarafsizbolge կայքը գրում է, որ Մևլութ Չավուշօղլուն մեկնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանություն բառի արտասանումը կանխելու համար:

Մասնավորապես Մերիլենդ նահանգում Չավուշօղլուն հայտարարել է. «Միայն հայերը չեն, որ ցավ են տեսել 20-րդ դարասկզբին։ Հայկական սփյուռքը Թուրքիայի և իսլամի դեմ արշավ է սկսել։ Թեև մենք կիսում ենք ինչպես մուսուլմանների, այնպես էլ հայերի ցավը՝ կապված 1915 թվականի դեպքերի հետ, սակայն մեզ համար անընդունելի են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերն ու Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, քանի որ դրանք ընտրովի և աչառու բնույթ են կրում»:

Չավուշօղլուի հայտարարությունը հիշեցնում է աճպարարություն, քանի որ որևէ փաստարկ չկա, թե հայկական սփյուռքն արշավ է սկսել իսլամի դեմ: Այլ խնդիրը պետք է դիտարկել այլ հարթության մեջ` Չավուշօղլուն փորձում է Հայոց ցեղասպանության փաստը հավասարեցնել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի կրած կորուստներին:

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարի այս մոտեցումը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների վերջին հայտարարություններն աչքի են ընկնում իրենց հակասականությամբ, որոնք սովորաբար լինում են ընկճվելու արդյունքում:

Չնայած որ Ցեղասպանության ճանաչման հետ կապված Թուրքիայի ունեցած վախի զգացումն է Չավուշօղլուին ստիպել հասնել Ամերիկա մայրցամաք, սակայն չի բացառվում, որ առաջիկայում ԱՄՆ մեկնի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Պատահական չէ նաև, որ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող թուրք-ամերիկյան մշակութային ու քաղաքակրթության կենտրոնի բացումը պետք է անեն ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները, և Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը քննարկել է կենտրոնի բացումը համատեղ անելու մասին առաջարկը, ինչն ընդունվել է Օբամայի կողմից:

Սպասենք, որ Թուրքիայի վրա ճնշումն այնքան կմեծանա, որ ԱՄՆ կվազի նաև Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել