Իմ ելույթը ԵԽԽՎ-ում ցեղասպանության հարցի շուրջ:
Հարգելի գործընկերներ,
Այսօր մեր գործընկեր Սամադ Սեիդովը Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ցույց տվեց հայ զինվորի նկար՝ սպիտակ դրոշը ձեռքին: Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել:
Մեկ այլ գործընկեր Ռզայեվը րոպեներ առաջ փաստերի հերթական խեղաթյուրման վառ օրինակ ցույց տվեց, այս անգամ իբր մեր կողմից փակ արխիվների հետ կապված, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը:
Իսկ հիմա թույլ տվեք անցնել իմ ելույթին:
Ուղիղ հարյուր տարի առաջ` 1915թ. ապրիլի 24-ին, Կոստանդնուպոլսի հայկական հսկա համայնքի սերուցքը ձերբակալվեց և ոչնչացվեց: Դա քսաներորդ դարի առաջին` Հայոց ցեղասպանության սկիզբն էր:

Թվում է` հարյուր տարի անց ոչինչ էլ չի փոխվել: Մենք չմիջամտեցինք նացիստական Գերմանիայում կատարվողին, մինչ պատերազմն ինքը չթակեց մեր դուռը: Ռուանդայում մենք դավաճանեցինք մի ամբողջ ժողովրդի, մինչ դիվանագիտական եզրույթներով խուսափում էինք կոտորածն իր անվամբ կոչելուց: Կամբոջիայի ցեղասպանությունը մենք անգամ չնկատեցինք: Սուդանի պարագայում օգտագործում ենք բառը, որովհետև ոճրագործն Արևմուտքում բարեկամներ չունի: Սիրիայում և Իրաքում մենք հետևում ենք բոլոր ոչ սուննի փոքրամասնությունների ընթացող ցեղասպանության նորություններին և շարունակում ենք դատարկ ու սին հայտարարություններ և դատապարտումներ հրապարակել, որոնք որևէ կերպ չեն կարող կասեցնել նույն այդ փոքրամասնությունների բնաջնջմանն ուղղված մոլի արշավը: Եվ դարձյալ մենք աճպարարում ենք սարսափազդու «Ց»-ով սկսվող բառին հարող այլ բառերի հետ, որովհետև եթե հանկարծ համարձակվենք արտաբերել այդ բառը, կզայրացնենք մի կարևոր դաշնակցի` արյունարբու մի դաշնակցի: Բացի այդ` բառն արտասանելու պատճառով պարտավոր կլինենք միջամտել, իսկ միջամտել մենք չենք ուզում և չենք միջամտելու: Եվ քանի որ ոչնչացող փոքրամասնություններին փրկելու հարցում նավթային շահեր մենք չունենք, ցեղասպանությունը շարունակվում է:

Հարյուր տարի անց մենք Եվրոպայում կարծում ենք, որ ավելի լավն ենք, ավելի քաղաքակրթված և մեծապես հղկված և կարծում ենք, թե Երրորդ Ռեյխի օրերն այնքան հեռվում են մնացել… Եվ իհարկե, մենք անչափ սխալ ենք, անչափ մոլորված և անչափ կեղծավոր:

Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին և Սիրիայի իր բազում դաշնակիցների` ամենատարբեր ապստամբների և իհարկե` Իսլամական պետության հետ միասին, այս անգամ անուղղակիորեն դարձյալ և մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում: Եվ անում է դա նույն վճռականությամբ, և նույն ֆանատիզմով:

Մենք հրաշալի գիտենք, թե ինչ է եղել այն ժամանակ և հրաշալի գիտենք, թե ինչ է տեղի ունենում այսօր: Եվ դարձյալ նախընտրում ենք լռությունը խղճի խոսքից: Մենք նույնն ենք մնացել, և դրա արդյունքում առավել բարբարոս մի Չորրորդ Ռեյխ է հառնում այսօր քաղաքակրթության բնօրրանում…

Հարյուր տարի անց պարզվում է, որ «Ց»-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել` Հռոմի Պապ Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռևս զգուշանում են արտաբերել:

«Ցեղասպանությունն» այն բառն է, որ պե՛տք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն մենք պետք է զարհուրենք նրանից, որ հետևում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո, Հայոց Եղեռնը ցեղասպանություն էր, և այո’, մենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ այո, մենք կրում ենք պատասխանատվություն մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին մեկ այլ հանցանք է ինքնին:

Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է՝ թեև ուշացած՝ վերջ դնելու ամոթալի լռությանը: Եվ այո, հանցավոր անտարբերությանը՝ նույնպես:

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել