Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դարձյալ խոսել է «1915-ի դեպքերի» մասին և նշել, որ Թուրքիայի տեսակետը չի փոխվել, և այս տարի ապրիլքսանչորսյան նոր ուղերձը չի բացառվում, տեղեկացնում է թուրքական Т24-ը։

Պատասխանելով հարցին, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ տարի ապրիլի 23-ին ցավակցել էր Օսմանյան կայսրության տարածքում զոհված հայերի ժառանգներին, Թուրքիան այս տարի փոխե՞լ է դիրքորոշումն ու այդ հարցում հետընթաց կա՞, Դավութօղլուն ասել է, որ ոչինչ չի փոխվել։

«Այս տարի Հրանտ Դինքի (լրագրող, ով սպանվել է Թուրքիայում 2007-ին- Tert.am) մահվան տարելիցին հրապարակած իմ հայտարարությունն անցյալ տարվա ցավակցական մեսիջից մեկ քայլ առաջ էր։  Մեր կեցվածքը չի փոխվել։ Մենք կկիսենք ցավը, պատրաստ ենք բոլորի հետ խոսել՝ հավասարի պես, բայց ով էլ լինի՝ թույլ չենք տա մեզ վերից նայել։ Ես 1.5 տարի առաջ Երևան ուղևորվելուց առաջ ասել էի, որ «դա կոտորած էր»։ Այդ ժամանակ դա ողջ աշխարհում լուր էր դարձել, շատ էր քննարկվել»,- ասել է Դավութօղլուն։

Խոսելով այն մասին, որ այս տարի Թուրքիայից «ընդհանուր ցավի» վերաբերյալ այլ հայտարարություն է ակնկալվում, Դավութօղլուն ասել է. «Հնարավոր է, սակայն դա ոչ Եվրոպայի խորհրդարանի, ոչ էլ Հռոմի պապի ձևակերպումներով չի որոշվելու։ Թուրքիայի հայերի հետ խոսելու համար որևէ երրորդ կողմի կարիքը չունենք։ Նման հայտարարություններն իրականում միջավայրը թունավորելով՝ կանխում են առաջընթացը»,-ասել է նա։

Դավութօղլուն նշել է, թե իրենք կասեն այն, ինչին հավատում են, սակայն ճնշմամբ ոչինչ չեն անի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել