Tert.am-ը գրում է.

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ, եթե այս տարի էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը, ապա հայկական կողմը ոչ միայն չպետք է հետաքրքրվի և դիմի նրան, այլ պետք է ասի, այլևս դրա կարիքն այլևս չկա:

«ԱՄՆ Նախագահը, ուզում է, արտասանի, ուզում է՝ չարտասանի, ինքն է խոսք տվել։ Եթե չի ուզում իր խոստումը կատարել, դա իր խնդիրն է, բայց կարող եմ իմ անձնական կարծիքն ասել. մինչև մայիսի 9-ը, երբ Վաշինգտոնում  պետք է տեղի ունենան ամերիկյան գլխավոր միջոցառումները, որոնց կմասնակցեն նաև մեր երկու կաթողիկոսները, և դա առիթ կլինի այդ հարցին անդրադառնալ ևս մեկ անգամ,  կարծում եմ, եթե չասի մինչև մայիսի 9-ը մենք պետք է ոչ միայն չհետաքրքրվենք և դիմենք այդ հարցով, այլ ասենք, որ չենք էլ ուզում, որովհետև փաստ է այլևս, որ եթե  Թուրքիայի Նախագահն ասի, ԱՄՆ Նախագահն էլ կասի»,-ասաց նա և հավելեց, թե դա ԱՄՆ Նախագահը պետք է հասկանա, որ ծիծաղելի վիճակում չհայտնվի:

Կիրո Մանոյանը նկատեց, թե սխալ է ասել, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ԱՄՆ օրենսդիր մարմինը ճանաչել է, և միայն գործադիր մարմինն է ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հրաժարվում օգտագործել այդ բառը:

Իսկ թե ի՞նչ կասի, Մանոյանը նշեց, թե անկեղծ՝ չգիտի. «Ընդհանուր մթնոլորտն այն է, որ կարող է և ասի, թե ինչ ձևով կասի, դա էլ հարց է, գուցե իր կողմից ուղարկվող պատվիրակության անունից, կամ իր կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել