Tert.am-ը գրում է.

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հատկապես Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը և ուղերձըիսկապես ստեղծեցին այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին այդ ցունամին շարունակվելու է, հատկապես ապրիլի 23- 24-ին այդ առիթով տարվող միջոցառումների շրջանակում:

Քաղաքական գնահատական տալով՝ Կիրո Մանոյանը նշեց, որ Թուրքիան տապալեց նաև ինքն իր նախաձեռնությունը՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումը, որը պետք է իբրև թե ստվեր գցեր ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա:

«Այդպես չեղավ և չէր էլ լինի, ընդհակառակը՝ հավելյալ հետաքրքրություն ստեղծեց մեր միջոցառումների նկատմամբ»,- ասաց նա և նշեց, թե այն փաստը, որ 22-24-ը ՀՀ-ում են լինելու մեծ թվով և պատմաբաններ, և Ցեղասպանության հարցի ուսումնասիրության մասնագետներ, իրավագետներ ու քաղաքական գործիչներ տարբեր երկրներից, իսկ 24-ին պետության ղեկավարներ, հուշում են, որ ցունամին դեռ առջևում է:

Կիրո Մանոյանի խոսքով՝ ապրիլի 25-ին հայկական կողմը շարունակելու է այն, ինչ անում էր մինչև ապրիլի 24-ը, բնականաբար ոչ ամբողջությամբ այն բնույթի ու ձևի:

«Բայց հիմքում (Ցեղասպանության – խմբ.) համահայկական հռչակագիրը դառնալու է ուղենիշ, և անհրաժեշտ է, որ ճիգերը կենտրոնացնենք այն աշխատանքնի վրա, որի մասին ակնարկված է Համահայկական հռչակագրում»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ նրա, պետք է հատուցմանն ուղղված աշխատանքով զբաղվել, ինչի նպատակով արդեն իսկ Հայոց ցեղասպանության հատուցման խնդրի ուսումնասիրության աշխատությունը կա՝ դեռևս անգլերեն տեքստով, որի վրա շարունակում են աշխատել և որը շուտով կներկայացվի քննարկման:

«Նպատակն այն է, որ ստեղծենք տեսակետների փոխանակման հնարավորություն, որ ինչ ենք պահանջելու Թուրքիայից, ով ինչ ձևով և այլն, ապրիլի 24–ից հետո հենց այդ աշխատանքով պետք է զբաղվենք»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը վստահ է, հայ-թուրքական հարաբերությունների շտկման միակ ճանապարհը Հայոց ցեղասպանության ճանաչումն է Թուրքիայի կողմից:

«Միակ ճանապարհը իրողության ճանաչումն է, որը կարող է բերել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման: Իհարկե, մենք թուրքերին թշնամի չենք համարում, ոչ թե ժողովուրն է թշնամի, այլ ժխտողական քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը նաև ազդել է հասարակության վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունից վտանգ են տեսնում»,-ասաց նա: 

Անդրադառնալով նրան, թե Ցեղասպանության հարցում միջազգային անդրադարձը բարոյական հարթությունից զատ ինչ տվեց իրավական հարթությունում, Կիրո Մանոյանը նշեց, որ խնդիրը միայն իրավականը չէ:

«Չեմ կարծում, որ Պապը ելույթ ունենալով իրավական հիmք պետք է ստեղծեր: Բայց որ քաղաքական կարգավորում կարող է լինի, դա էլ փաստ է, դրա համար չափը իրավական ձեռքբերումը չի, հարցը քաղաքական ճնշում էր և մեծ և միջազգային այնպիսի լրատվամիջոցներ են խոսում Ցեղասպանության մասին, որոնք անցյալում չէին խոսում, արդեն ասում են ժխտողականությունը սխալ է: Իհարկե, իրավական կողմը համեմատաբար քաղաքականից հետ է մնացել, որը պետք է հասնի քաղաքականին և դառնա ճնշում»,-ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել