Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցը մտել է նոր փուլ: Այսօր հրավիրված ասուլիսին նա նկատեց, որ 100-րդ տարելիցի շրջանակում իրականացվող միջոցառումները, բնականաբար, կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, բայց ակնհայտ է, որ գրեթե ոչ մեկի մոտ կասկած չկա, որ գործընթացը տրամաբանական նպատակին հասել է:

«Հետո արդեն, իհարկե, Հայաստանն ու Սփյուռքը շնորհակալ կլինեն բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որ շարունակեն այս կամ այն մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց 2015-ից հետո մեզ համար կարևոր կլինի միայն մեկ երկրի՝ Թուրքիայի ճանաչումը»,- ասաց նա և նշեց:

«Հայկական կողմն ինչ արել է՝ կշարունակի և սա այն դեպքն է, որ ճանաչման գործընթացում  քանակը անցնում է որակ, և վերջին Եվրոպական խորհրդարանի բանաձևը ցույց է տալիս, որ վաղուց Ցեղասպանության խնդիրը չի հանդիսանում հայերի ու թուրքերի խնդիր»,- ասաց նա և չբացառեց, որ դա կարող է նաև թուրքերի հետ տարբեր խնդիրեր ունեցող կողմերի համար լծակ լինել:

Խոսելով Թուրքիայի կողմից հակադարձումներից ու հայտարարություններից՝ քաղաքագետը բերեց ասացվածքը, որ եթե բարկանում ես, ուրեմն մեղավոր ես: «Թուրքիայի հասարակությունը, քաղաքական շրջանակները հերթական անգամ նման ռեակցիա ցույց տալով ապացուցում են պատմական իրողությունը»,- ասաց նա:

Սերգեյ Մինասյանը նաև նկատեց, որ Ցեղասպանության հիշատակի միջոցառմանը ԱՄՆ –ի մասնակցությունը կլինի, որը անակնկալ կլինի Թուրքայի համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել