Tert.am–ը գրում է.

2015 թվականի ապրիլի 19-ին Ջավախքի Էխտիլա գյուղում կանգնեցվեց խաչքար ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների, տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կանգնեցված խաչքարն օծվել է ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի և մասնակցությամբ Էխտիլա գյուղի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի:

Խաչքար կանգնեցվել է բարերարությամբ՝ Դեմուրճյան եղբայրների: Ջավախքի փոխառաջնորդն իր խոսքում կարևորել է Դեմուրճյան եղբայրների ազգանվեր գործունեությունը, նշելով. «Այս խաչքարը գյուղի բարձունքից հսկելու է բոլորիս: Ինքնանպատակ չէ, որ հենց 100-րդ տարելիցի նախաշեմին է այն կանգնեցվում գյուղում»։

Խաչքարի բացման նվիրական արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր Հայաստան և Վրաստան աշխարհից, արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ և այլոք:

Այնուհետև Էխտիլա գյուղի դպրոցի բարձր դասարանցիները հանդես են եկել գեղարվեստական միջոցառմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել