Մի քիչ քննադատական է ստացվել և ավելի շատ երևանցիների, քան Երևանի մասին է, բայց... հուսով եմ՝ կհավանեք...

Ուղղակի աչքեր, տխուր հայացքներ, մտահոգ անցորդներ և ուղղակի ապրող մարդիկ: Ահա և հայ ազգի ներկայացուցիչների համառոտ բնութագիրը: Այդ մարդկանց ուրախության, տխրության և նույնիսկ դժբախտության պատճառը հենց նրանց շրջապատող անհատներն են: Մարդիկ միմյանց անտեսելով, վարկաբեկելով և նեղացնելով չեն հասկանում, որ դրանով միայն իրենք իրենց են վատություն անում: 
Ոմանք մեր երկրում ապրում են, վայելում կյանքը, օգտվում կյանքի բոլոր հաճույքներից և այդ ամենին հասնելու համար անգամ չեն էլ աշխատում ու պայքարում՝ չնկատելով նրանց, ովքեր հազիվ են գոյատևում: Եվ այդ ամենի հիմնական մեղավորը հասարակությունն է, իսկ եթե ավելի կոնկրետ՝ մեր պետության կառավարությունը, որին չի հուզում իմ և ինձ նման շատ ու շատ մարդկանց ճակատագիրը: Այնքան կուզեի, որ ինքս լինեի իմ անկախության տերը, բայց...
Կարող եմ նշել հազարավոր լավ հատկանիշներ՝ մեր ազգը բնութագրող, բայց այս անգամ, ներողություն խնդրելով, ուզում եմ թղթին հանձնել այն, ինչ տեսել և տեսնում են շատերը, բայց քչերն են այդ մասին բարձրաձայն խոսել: 
Խոսքս անտեղի ցուցադրականության մասին է: Ազգ, որը սիրում է իր հարևան երկրների գլխի տակ փափուկ բարձ դնելով`թաքցնել իր իսկ սեփական խոհանոցում վխտացող կեղտը: Ազգ, որը սիրում է իրեն ամենալավը ներկայացնել, գովել, գովերգել`չնկատելով, որ, գլուխը հողի տակ թաղելով, չի կարող աննկատելի դարձնել իրեն և իր գործած բոլոր սխալները: Ըստ իս՝ սրանք են Երևան քաղաքի կոլորիտը ներկայացնող դրվագները: Այստեղ մարդիկ անգամ չեն տարբերում ճիշտն ու սխալն իրարից, անգամ չեն տարբերում երազներն իրական կյանքից, նրանք անգամ չգիտեն, թե ինչ են ուզում, նրանց մեծամասնությունը չգիտի, թե ուր է գնում: Գնում են այնտեղ, ուր քայլերն են տանում, որոնք այնքան սահմանափակ են, նրանք միայն քայլում են` Հանրապետության հրապարակով`Աբովյան փողոց, այնուհետև`Հյուսիսային պողոտայով` Կարապի լիճ ու Օպերա, և սահմանափակվում Կասկադի աստիճաններով:
Չգիտեմ է՛լ ինչ ասեմ: Երևի մնաց ուղղակի մի քանի խորհուրդ տալ, որոնք իմ կարծիքով կարող են գոնե մի փոքր բարելավել իմ երկրի վիճակը...
Ներեք միմյանց ինչ էլ որ լինի, թեկուզ ուղղակի անձայն, միայն ձեզ համար... Ժպիտ տվեք միմյանց և վստահ եղեք, որ այդ ժպիտը մի օր ամպայման ձեր իսկ դեմքի վարդն է դառնալու... Մի’ եղեք կաշառակեր, ամեն ինչ չէ, որ գումարի մեջ է, գումարով չէ, որ ամեն ինչ որոշվում է, փողը ինքն իսկ իրական չէ, և դա է պատճառը, որ չի կարող ձեզ համար երկարատև և իրական երջանկության աղբյուր դառնալ: Սիրեք միմյանց, սիրեք ձեր երկիրը և օգնեք ցանկացածին վեր բարձրանալ, միգուցե դուք էլ մի օր օգնության կարիք ունենաք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել