Որոշել էի չգրել, չէի էլ գրի, չնայած չեմ էլ գրում։ Գլուխ չեմ հանում, չգիտեմ։ Չեմ հասկանում։ Ընդունում եմ։ Այնքան հիմարություն եմ կարդում, որ նույնիսկ մտածելն է հիմարություն թվում։ Էլ չասեմ շարադրանքը։ Ահա թե ինչու էի որոշել չգրել։ Այնուամենայնիվ՝ Ցեղասպանություն։

Ապրել։ Իմաստ գտնել։ Հիմարություն է հնչում։ Բայց ապրել։ Ապրել, ապրել, այնպես ապրել... Հիշո՞ւմ եք, իհարկե հիշում եք։ Ստացվում է, չի ստացվում...

Ինձ մի բան է զգուշավոր դարձնում։ Երբ իմ, ձեր ու մյուսներին որդիներին ու դուստրերին նայում են որպես թնդանոթի միս ու փորձում մեծացնել որպես թնդանոթի միս։ Ես ինքս պատրաստ եմ ինձ նայելու որպես թնդանոթի միս։ Դա ես եմ, ես եմ որոշում, իմ կյանքն է, իմ ապրելն է, իմ որոշումն է։ Երեխաներին ապրելու հնարավորություն տվեք։

Գնացեք, էլի, խնդրում եմ, ձեր հայրենասիրությամբ, ուղղափառությամբ, հավատքով, առաքելականությամբ ու ահա թե ինչի համար է կռիվը տարոնականության դեմ, հանրապետականի դեմ, կողմ ըլլալով դեմ ըլլալու դեմ, անմոռուկի դեմ, թալանի դեմ, քյաբաբի դեմ, հովիկաբրահամյականության դեմ, սերժիկենց դեմ, եպհ-ի դեմ, դասագրքերի դեմ, հայոց պատմության դասագրքեր գրող գիտնականների դեմ, քթից այն կողմ չտեսնողների դեմ, «թորքը թորք է»-ի դեմ, «դեմ եմ»-ի դեմ, անսկզբունքայնության դեմ, անգրագիտության ու միջակության դեմ ու իհարկե՝ իմ դեմ։

Հիմա կասեք, «դեմ»-ի փոխարեն պիտի «հանուն»-ով լիներ նախադասությունը։ Բարի, բարի, համարյա սարոյանական, ժպտում եմ։

Ես Դավիթի ու Սոնայի աչքերին հետո ինչպե՞ս եմ նայելու, նրանց երեխաների աչքերին, ես ինքս իրենց ի՞նչ եմ փոխանցել։ Դուք ձեր Դավիթներին ու Սոնաների աչքերին ինչպես եք նայելու։ Դուք ինչո՞ւ եք իմ Դավիթի ու Սոնայի համար խրամատ փորում, թնդանոթի արկեր պատրաստում, գրքերն ու դպրոցը ատելությամբ լցնում։

Էսքան բան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել