Ցեղասպանության մասին մեզ պատմում են փոքրուց: Դեռ դպրոցի առաջին դասարաններից: Նույն ժամանակ էլ սկսում ենք հասկանալ այն, ինչ հեռարձակվում է հեռուստատեսությամբ ապրիլյան վերջին շաբաթների ընթացքում: Մենք տեսնում ենք սև ու սպիտակ լուսանկարներ, որոնցում կախաղան բարձրացված մարդիկ են, կտրված գլուխներ, կմախքի վերածված մարդիկ, սովահար երեխաներ: 
Այդ լուսանկարները սև ու սպիտակ են, այդ կադրերը հին են, և տպավորություն է, թե դա ինչ-որ առասպելական աղետ է, որ պատուհասել է մեր ոչ պակաս առասպելական ժողովրդին:
Իսկ դուք իրականում տեսե՞լ եք բռնություն: Մեր քաղաքում, ցավոք, շատերը տեսել են, և ատերն էլ մասնակցել են` թեկուզ թաղային կռիվների մակարդակով: Երևի հարցս էլ, թեկուզ և հռետորական, անիմաստ էր: Իհարկե, բոլորը, այսպես թե այնպես, տեսել են բռնություն:
Պատկերացնե՞նք բռնության մի դրվագ: Պատկերացնենք: Քայլում ենք փողոցով և մեր դիմացի անցորդի վրա հարձակվում են: Ծանր արճիճե կաստետով խփում են ծնոտին, անցորդը նույնիսկ չի էլ հասցնում որևէ կերպ արձագանք տալ, ծնոտն ակնհայտորեն կոտրվում է, աչքերում վախ է և տագնապ, ցավը դեռ տեղ չի հասել: Երկրորդ հարվածը: Ոտքով: Գլխին: Անցորդը շշմած է: Գլուխը հարվածից հետ է գնում և կպնում պատին: Ցավը տեղ է հասնում: Անցորդը գետնին է: Երրորդ հարվածը ստանում է դեմքին, ոտնաթաթի ողջ մակերեսով: Քիթը կոտրվում է: Տեսարանը հագենում է ալ կարմիր գույնով: Հաջորդ հարվածները խառն են` հիմնականում իրանին, ոտքերին, ձեռքերին: Նկատվում է, թե ինչպես են ջարդվում անցորդի ձեռքի մատները: Անցորդը չի արձագանքում: Չի հասցնում արձագանքել: Բերանը, քիթը ջարդված են, մարմինը` ճզմված: Վերջապես հանում են զենքը: Մոտեցնում անցորդի գլխին: Անցորդի աչքերը նայում են բութ հայացքով: Հնչում է կրակոցը: Անցորդին սպանում են:
Բռնություն: և ընդամենը մեկ դեպք: Իսկ քանի ձևեր կան բռնության, քանի տարբերակներ ու բռնության քանի օբյեկտներ: Մենք պատկերացրեցինք մի իրավիճակ, երբ բռնության ենթարկվեց ինչ-որ անցորդ... իսկ եթե բռնության ենթարկվենք մե՞նք` ես, դուք, նա, այ էն մեկը...
Լավ է գոնե թեյը կարելի է պատրաստել առանց բռնության, թե չէ այսօրվա թեման տրամադրում է ինչ-որ տխուր մտքերի: Օրինակ` ինչքա՞ն է եղել բռնության աստիճանը այն հայկական բնակավայրերի մթնոլորտում, որտեղ տեղի են ունեցել ջարդեր: Ի՞նչ է դա իրենից ներկայացրել: Ի՞նչ գույն է ստանում երկինքը, երբ վերոնշյալ անցորդի հետ պատահածը տեղի է ունենում միանգամից ամբողջ քաղաքի կամ գյուղի հետ: Երևո՞ւմ է դա սև ու սպիտակ կադրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել