Դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին դարձի ամերիկյան ռազմավարությունը փոխեց ուժերի այն հարաբերակցությունը, որ կար Ասիական տարածաշրջանի երկրների միջև: Գոյություն ունեցող պետությունների երեք խմբավորումներից` Չինաստան-Ռուսաստան, Չինաստան-Հարավային Կորեա և Հնկաստան-Ճապոնիա, սրընթաց զարգացում ունեցան ռուս-չինական հարաբերությունները, ինչն աստիճանաբար սպառնալի կերպարանք էր ստանում ԱՄՆ համար: 
ՉԿԿ ԿԿ Քարտուղարության ղեկավար Լի Չժենշյուն (Li Zhanshu) և ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին (Wang Yi) վերջերս այցելեցին Մոսկվա և այնտեղ արժանացան բարձր պատվիների և ընդունվեցին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի կողմից, ով էլ հանդիպման ժամանակ Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերություններն անվանեց «լավագույնը պատմության ողջ ընթացքում»: Անցյալ տարի Չինաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց 400 միլիարդ ԱՄՆ դոլար արժողության գազային համաձայնագիրը և նաև պայմանագիր արժութային ոլորտում: Բացի այդ, Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Արևելա-Չինական ծովում: Այս ամենից հետո կարելի է ասել, որ ռուս-չինական հարաբերությունները թևակոխել են «երկարատև մեղրամսի» փուլը: Ընթացիկ տարում էլ երկու երկրների ղեկավարները շարունակում են իրենց մշտական հանդիպումները ամենաբարձր մակարդակներով: Սակայն դեռևս հայտնի չէ, թե Պուտին- Սի Ցզինպին անձնական բարեկամությունը կկարողանա երկու գերտերությունների հարաբերությունները բարձրացնել մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի բառի իսկական և ոչ թե միայն արարողակարգային իմաստով: 
Ուկրաինական ճգնաժամը և Արևմուտքի հակառուսական տնտեսական պատժամիջոցները արագացրեցին ռուս-չինական գործակցության ընդլայնումը քաղաքական, ռազմական, էներգետիկ, ներդրումային, հումանիտար և տեխնիկական ոլորտներում: Ներկա պահին ռուս-չինական առևտրական շրջանառությունը գերազանցում է 100 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալը, ընդ որում սպասվում է, որ առաջիկա հինգ տարում այդ թիվը կկրկնապատկվի: Անցյալ տարեվերջին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը Դաշնային Ժողովին հղած իր ամենամյա ուղերձում մատնանշեց Ռուսաստանի ռազմավարության երեք կետերը` գործակցություն հարևան երկրների հետ, հարաբերությունների զղարգացում Եվրոպայի հետ և ԱՄՆ զսպում, Ռուսաստանի շրջադարձ դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան:
Շաբաթներ անց` մայիսին, Մոսկվայում կհավաքվեն 26 պետությունների ղեկավարներ Հաղթանակի օրվա կապակցությամբ` ներառյալ` Չինաստանի, Հնդկաստանի, Վիետնամի, Հյուսիսային Կորեայի և Մոնղոլիայի ղեկավարները: Սա ամրապնդում է այն գաղափարը, որ նախագահ Պուտինը մտադիր է ամրացնել իր հարաբերություններն ու գործակցությունը հենց այս պետությունների հետ, և այն, որ Ռուսաստանը որոշեց մտնել ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանն առաջիկային իր արտաքին քաղաքականության մեջ գերակայություն կտա Արևելյան ուղղությանը:
Այս համատեքստում Չինաստանի բաց քաղաքական կուրսն ու Ռուսաստանի Արևելյան ներկայիս արատքին քաղաքկանությունը սերտորեն շաղկապվում են իրար, քանի որ կան բազմաթիվ հպման կետեր, ինչը պատմական հնարավորություն է ստեղծում ռուս-չինական հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման համար: Պեկինն հավատում է, որ իր «մեկ գոտու և մեկ ճանապարհի» կոնցեպցիան հնարավորություն կտա մեկ ընդհանուր ճանապարհ ստեղծել ողջ Եվրասիական մայրցամաքի համար, իսկ Ռոսւաստանի Հեռավոր-Արևելյան տարածաշրջանի զարգացումն էլ հիմք կստեղծի Մոսկվայի հետ համակողմանի և համապարփակ ռազմավարական դաշնակցային և գործակցային հարաբերությունների կառուցման համար: 
Ռուս-չինական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին խոսելիս, իհարկե չպետք է մոռանալ նաև վերջինիս համար խթան հանդիսացած արտաքին ազադկների ու հատկապես` ԱՄՆ` Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժային «վերաբալանսավորման» ռազմավարության մասին: Պեկինն ի սկզբանե դեմ էր, ոպեսզի Վաշինգտոնն իր ազդեցությունն ուժեղացներ այդ տարածաշրջանում, Մոսկվային էլ դուր չէր գալիս, որ ՆԱՏՕ-ն հաստատուն քայլերով շարունակում էր դեպի Արևելք ընդարձակվելու իր քաղաքականությունը` դրանով իսկ կրճատելով իր ռազմավարական բուֆերային գոտին: Բացի այդ, անցյալ տարվա համատեղ ծովային զորավարժությունները Արևելա-Չինական ծովում, Խաղաղօվկիանոսյան զորավարժությունները արդեն այս տարում, ՌԴ և ՉԺՀ բողոքները կապված իրենց հարևան երկրներում «գունավոր հեղափոխություններին» ԱՄՆ ունեցած մասնակցության մասով և բանակցությունները ռուսական Су-35 տեսակի ռուսական կործանիչների` Չինաստանին մատակարարման ուղղությամբ, վկայում են այն մասին, որ որքան խորանում են հարաբերությունները Մոսկվայի ու Պեկինի միջև, այնքան ավելի վտանգավոր ու բարդ է դառնում իրավիճակը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Եվ Չինաստանը և Ռուսաստանը այս պահին իրենց ռազմավարական խաղերն են խաղում և ներկայիս նրանց հարաբերությունները կարող ենք բնութագրել որպես փոխլրացնող: Այդ բարեկամությունը թեթևացնում է Մոսկվայի վիճակը և այն դժվարությունները, որոնց մեջ հայտնվել է Արևմտյան տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների պատճառով, իսկ չինացիներն էլ ռուսներից կարող են ստանալ գերժամանակակից ու արդիական զենք-քինամթերք ու զինտեխնիկա և ռազմական տեխնոլոգիաներ: Սակայն կարևոր չէ, թե ռազմավարական ինչ նպատակներ են դրել Չինաստանն ու Ռուսաստանը, առաջնահերթությունը նրանց երկուսի համար էլ հիմա այն է, որ կարողանան հավուր պատշաճի դիմակայել այն մարտահրավերներին, որոնք գալիս են ԱՄՆ-ից ու վերջինիս ստեղծած հեգեմոնիայից և կարելի է ասել պայքարում են այն միջազգային կարգի կամ աշխարհակարգի դեմ, որի հեղինակը Միացյալ Նահանգներն են: Ու թեև հաճախակի հանդիպումներն ամենաբարձր մակարդակով խոսում են Մոկսվայի և Պեկինի միջև կատարյալ փոխվստահության մասին, այնուամենայնիվ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը ունեն նաև որոշ արգելակող հասկանալի հանգամանքներ, որոնք կապված են` պատմական փորձառության, աշխարհաքաղաքական գործոնների, մշակութային ինքնաբավության և այլ գործոնների հետ: Չնայած նաև չի կարելի չասել, որ երկուսի համար էլ հարաբերությունների ներկայիս վիճակը կարելի է գնահատել առավելագույնս ձեռնտու և օգտավետ: Վերլուծաբաններն արդեն իսկ նշում են, որ Արևմուտքի ճնշումները Ռուսաստանի հանդեպ, ուղիղ համեմատական են այս հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և հետագայում, եթե դրանք շարունակվեն, ապա օրակարգում կհայտնվի Ռուսաստան-Չինաստան ռազմական միության ստեղծումը և դեռ ավելին` իրենց անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Պարզ է, որ ներկա փուլում և Մոսկվան, և Պեկինը բաց են խաղում և հասարակությունը մեծ հաշվով տեղյակ է երկուստեք կատարվող քայլերի մասին: Մոսկվան ընդգծում է, որ իր և Պեկինի հարաբերությունները բխում են միջազգային անվտանգության, կայունության ու հավասարակշռության շահերից ու հրամայականներից ու երկու ժողովուրդների համար էլ փոխշահավետ են: Պեկինն էլ իր հերթին է բարձրաձայնում, որ իրենց հարաբերությունների բնորոշիչ առանձնահատկությունները` խմբավորումներին չանդամակցությունը, առճակատումների բացակայությունը, երրորդ երկրնեի ներքին գործերի մեջ չմիջամտելու կեցվածքը ավելի են մեծացնում վստահությունը փոխադարձ հարգանքն ու կենսունակությունը ստեղծված բարի հարաբերությունների և հիմքեր ստեղծում փոխադարձ օգնության, գործակցության և զարգացման ընդլայնման համար: 
Չինաստանն ինչ խոսք կարևորում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ նաև չպետք է մոռանալ, որ Չինաստանը որևէ հարցում սահմանափակված չէ երկրորդ ռազմավարական դաշնակից և գործընկեր ունենալու հարցում: Պետք է հաշվի առնել նաև, որ ռուս-չինական հարաբերությունները այժմ դեռ չեն գերազանցել այն հարաբերություններին, որ Պեկինն ունի ԱՄՆ հետ և աշխարհաքաղաքական և առևտրա-տնտեսական առումով: Չհաշված նաև, որ այժմ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները փորձ են կատարվում երկուստեք կառուցել հավասարը հավասարի հետ սկզբունքով:
Ինչ էլ որ լինի, քաղաքագետներն ու վերլուծաբանները նշում են, որ այս տարին աչքի կընկնի Պուտին-Ցզինպին հաճախակի հանդիպումներով: Նրանք կհանդիպեն մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնական հոբելյանական Շքերթի ժամանակ, հուլիսին` ԲՌԻՔՍ-ի և Շանհայի Հհամագործակցության Կազմակերպության գագաթնաժողովների ժամանակ Ուֆայում, սեպտեմբերի 3-ին Պեկինում չին-ճապոնական պատերազմում Չինաստանի հաղթանակի և պատերազմի ավարտի 70-ամյա հոբելյանի տոնակատարությունների ժամանակ, նոյեմբերին` G20 գագաթնաժողովի ժամանակ Անկարայում և Ասիական-Խաղաղօվկիանոսյան Տնտեսական Միության գագաթնաժողովի ժամանակ` Ֆիլիպիններում: Այնպես որ առաջիկայում հաստատ երկուստեք ամենատարներ ու կարևոր փոխհամաձայնությունների ձեռքբերման համար հնարավորությունները բավարար են: Արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ կան ռուսական Су-35 կործանիչների մատակարարման հարցում ու եթե առաջիկա հանդիպումներից մեկի ժամանակ երկու նախագահները հայտարարեն, որ համատեղ զորավարժություններ են իրականացնելու Սև ծովում, ապա եզրակացությունը կլինի մեկը` երկու կողմն էլ ձեռնամուխ են եղել Ամերիկային հակազդելու ռազմավարական դիրքորոշման իրագործմանը, ինչի մեկնաբանությունը մեկն է` երեքի միջև նոր սառը պատերազմի մեկնարկը տրված կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել