BudkaՄեծագույն ափսոսանքով ու նաև վրդովմունքով ենք տեղեկացնում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացիկ միջոցառմանը համայն աշխարհին ներկայանալու ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում օրերս ապօրինաբար ու անհայտ հեղինակմամբ հայտնված, մեծաչափ ու անհեթեթ մի՝ իբր ժամանակավոր «Տաղավարով», որն անհանդուրժելիորեն խաթարել ու գռեհկորեն նսեմացրել է Հուշահամալիրի գեղագիտական կեսդարյա անաղարտ կերպարը, աղճատել նրա ամբողջական դիտաընկալման տեսահորիզոնը: Այս իրողությունը հերթական ու վառ վկայությունն է մեր իրավազանց իշխանավորների մշակութային սնանկության և ազգային արժեքների հանդեպ օրըստօրե ուժգնացող քամահրանքի:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն մեր՝ հեղինակ քաղաքացիներիս, այլ համայն հայության հոգևոր ու նյութական սեփականությունն է, և նրա նկատմամբ ամեն մի անխոհեմ ոտնձգություն արձագանքվելու է բոլորիս հոգիներում:

Ուստի կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր դեռ սնվում ու հպարտանում են ազգային արժեքներով, անհապաղ այցելել հուշահամալիր, ականատես լինել իրադրությանը և օր առաջ միանալ բողոքարկման գործընթացին:

Հուշակոթողի համահեղինակ՝ ճարտարապետ Ս. Քալաշյան

Հուշակոթողի համահեղինակի իրավաժառանգ՝ ճարտարապետ Ա. Թարխանյան

Հուշահամալիրի թանգարանի համահեղինակ՝ ճարտարապետ Լ. Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել