ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ՝ ազատազրկված Ժիրայր Սեֆիլյանից ու նրա 4 ընկերներից բացի պետք է մեկուսացնել նաև նրանց, ովքեր կոչ են անում ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնել։ Ես, իհարկե, երբեք չեմ արդարացրել ապրիլի 24-ին հանրահավաք անելու մտադրությունը, ավելին՝ անհարիր եմ համարում ազգային հարցի խաղարկումը ներքաղաքական պայքարում: Կարծում եմ նաև, որ այս իշխանությանը պետք է քննադատել տարվա բոլոր օրերին. այնպես չէ, որ այն հրեշտակային է տարվա, ասենք, մյուս 364 օրերին: Մյուս կողմից, հանրահավաք անելը մարդու անքակտելի իրավունքն է, ու դրա համար նրան չի կարելի մեկուսացնել, եթե օրենք չի խախտել, չի խաթարել հասարակական կարգը և այլն: Այսինքն, մարդը պետք է մեկուսացվի ոչ թե Վահրամ Բաղդասարյանի կամ այլ պաշտոնյայի կամքով կամ քմահաճույքով, այլ օրենք խախտելու դեպքում: Ընդ որում, մեկուսացումը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում:
Առհասարակ, սա պարոն Բաղդասրայանի անհաջող հարցազրույցներից մեկն էր:
Հանրապետականի ներկայացուցիչը պնդել է, թե իշխող կուսակցությունում համոզված են, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարն ու նրա ընկերները կառավարվում են դրսից, ենթադրաբար Ադրբեջանից ու Թուրքիայից։ Որպես ապացույց, Բաղդասարյանը վկայակոչել է ադրբեջանական ու թուրքական մամուլի՝ իր ձևակերպմամբ՝ բարեկամական տոնայնությամբ գրված հոդվածները «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասին։
Ժիրոյի ու Պավլիկի քաղաքական հայացքներն ընդհանրապես չեմ կիսում, այդ մասին հարյուր անգամ գրել եմ ու էլի կգրեմ, բայց առնվազն տգեղ եմ համարում արցախյան պատերազմի մասնակից էս տղերքին թուրքական կամ ադրբեջանական լրտեսի պիտակ կպցնելը: Էդ անհեթեթությամբ Ժիրոյին կամ Պավլիկին չենք վարկաբեկում, մեր հաղթանակի ու պատերազմի վրա ենք ստվեր նետում: Էլ չասած այն մասին, որ սա չափազանց լուրջ մեղադրանք է, ու ցավում եմ, որ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը դա հրապարակայնացնում է՝ առանց կոնկրետ փաստեր ներկայացնելու:
Եվ վերջում խնդրի բարոյական կողմի մասին:
Ինչո՞ւ է իշխանության ներկայացուցիչներին թվում, թե իրենք են միակ ազգայիններն ու իրավունք ունեն մոնոպոլացնել «Ապրիլի 24»-ը: «Ապրիլի 24»-ն ինչ-որ մեկի բրենդը չէ, բոլորիս ցավն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել