Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը նկարահանվել է համանուն ծրագրի շրջանականերում, որի հեղինակներն են Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը:

Տեսահոլովակը յուրօրինակ մի զրույց է պապիկի և ծոռնուհու միջև, ուր Մեծ Հայրիկը վերհիշում է իրենց գերդաստանի տառապանքների պատմությունը: Պապիկի կերպարը մարմնավորել է մեծ բարերար, հայազգի նվիրյալ Հրայր Հովնանյանը, ում գերդաստանի պատմությունը խորհրդանշում է միլիոնավոր մարդկանց ընտանիքների անպատմելի ողբերգական ճակատագիրը: Հրայր Հովնանյանը նույնպես ներկա էր տեսահոլովակի պրեմիերային:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի բառերը գրել է բանաստեղծ Ռիդա Մեյը, երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը: Տեսահոլովակի ռեսժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը:

Տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Տեզյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Պատրիկ Ֆիորին, Կոկո Յորքը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Պետրոսյանը եւ այլոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել