Սոցցանցերը մեզ թույլ են տալիս շփվել զանազան մարդկանց հետ։ Հաճախ հենց սոցցանցերից էլ իմանում ենք՝ ով է նոր ընկեր ձեռք բերել, իր «երկրորդ կեսին» գտել կամ բաժանվել...

Իսկ արդյո՞ք սոցցանցերի և իրական հարաբերությունների միջև փոխկապակցվածություն գոյություն ունի։ Եկեք պարզենք։

Սոցցանցերի նկատմամբ կախվածությունը քայքայում է ամուսնությունները

Հետևյալ եզրահանգմանը եկան Օքսֆորդի համալսարանի մի խումբ գիտնականներ։ Փորձին մասնակցեցին մոտ 24.000 զույգեր։ Պարզվեց, որ երբ ամուսիններից մեկը սոցցանցում չափից շատ ժամանակ է անցկացնում և իր «ֆրենդների» գրառումները կարդում, դա մյուսին նյարդայնացնում է։ Շատերը նույնիսկ բողոքում էին, որ իրենց ամուսինները վիրտուալ ծանոթներին ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան իրենց։ Ցավոք, «վիրտուալ կյանքի» մեջ խորանալը հանգեցնում է բազմաթիվ սկանդալների։

Սոցցանցերը նվազեցնում են շփումները

Համացանցի ստեղծումից հետո թվում է՝ նոր ընկերներ ձեռք բերելն ավելի հեշտ դարձավ։ Բավական է որևէ սոցիալական կայքում գրանցվես, որպեսզի բազմաթիվ «ֆրենդներ» ձեռք բերես։

Նույնիսկ ոչ այնքան մարդամոտ մարդիկ համացանցում կարողանում են իրենց համար զրուցակիցներ գտնել։ Սա հրաշալի լուծում է նրանց համար, ովքեր իրենց բարդ բնավորության կամ մեկուսի կյանքի պատճառով շփվելու ընթացքում դժվարանում են։

Թվում է՝ հեռանկարները լավատեսական են, սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես։ Եթե նախկինում հարաբերությունները սկսում էին միայն դեմ առ դեմ շփվելուց հետո, ապա այժմ շփման իլյուզիան սկսում է առաջին նամակն ուղարկելուց և ստանալուց հետո։

Հարաբերություններ սկսելու հեշտությունը հանգեցնում է նրան, որ մենք սկսում ենք զանազան մարդկանց հետ շփվել, որոնք սփռված են աշխարհի տարբեր անկյուններում։ Այստեղ կա մեկ «բայց». հաճախ նրանցից շատերը մեզ համար ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Եթե նրանք դադարեն մեզ գրել, մենք կարող ենք նույնիսկ չնկատել դա։

Վերջերս այդ թեմայով զանազան հետազոտություններ են կատարվել։ Պարզվում է՝ իրական շփումը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում, քան վիրտուալ շփումը։ Եվ դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ մարդու մասին բավական տեղեկություն չունենալով (երբեմն մենք միայն նրա նկարն ենք տեսնում, երբեմն նույնիսկ դա էլ չկա)՝ մենք նրան պարզապես այնքան չենք վստահում, ինչքան այն մարդկանց, ում իրական կյանքում ճանաչում ենք։

Վիրտուալ հետապնդումները դառնում են սովորական

Այն մարդիկ, ովքեր համակարգչի միջոցով սպառնալիքներ են ստանում (այսպես կոչված «կիբերհետապնդում»), ավելի շատ են նյարդայնանում և իրենց ավելի խոցելի են զգում, քան նրանք, ում իրական կյանքում են հետապնդում։
Վիրտուալ հետապնդողներին գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Նախ դուք միշտ չէ, որ գիտեք՝ ով է ձեզ վրա «հարձակվել»։
Ինչի՞ են ընդունակ այսպիսի «կիբերագրեսորները»։ Շատ բաների։ Օրինակ՝ նրանք կարող են սպառնալից նամակներ ուղարկել։ Բովանդակությունը կարող է շատ տարբեր լինել՝ սկսած վիրավորանքներից, վերջացրած կյանքի և առողջության համար վտանգավոր անմիջական սպառնալիքներով։ Եթե Դուք կին եք, ագրեսորը կարող է համացանցում Ձեր մերկ նկարները տեղադրել, Ձեր անունից տարբեր սոցցանցերում գրանցվել։ Բացի այդ, նա կարող է Ձեր մասին սուտ տեղեկություններ տարածել։ Ձեր կյանքը փչացնելու զանազան տարբերակներ կան։
Իսկ ինչո՞ւ են նրանք դիմում այդ քայլին։ Գոյություն ունեն «համացանցային մոլագարներ», ովքեր «էներգիա են քաշում»՝ իրենց բացասական էմոցիաներն իրենց զոհերի վրա տարածելով։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ սոցցանցերը ոչ միայն լավ հնարավորություններ են ընձեռում, այլև մեծ խնդիրներ են առաջացնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել