Քանի՞ հոգի գիտեք, որ մի երկու օր առաջ բարձր-բարձր բղավում էր, որ Եվրոխորհուրդն ընդունեց Եղեռնը։ Լիքը... Հասարակության մեջ բազմաթիվ են նրանք, ովքեր ինֆորմացիան ստանալուն պես կարող են անել ոչ ճիշտ հետևություններ, մանավանդ որ ինֆորմացիան տրամադրվում է հատուկ նպատակով։ Չեմ կարծում, որ գրագետ մասսան էլ է այդպես վերաբերվում դրսից եկող տեղեկատվությանը, բայց պահի տակ կարելի է այդ տեղեկատվությունն օգտագործել սեփական անգործությունն այլ լույսի ներքո ներկայացնելու համար։ Կան մարդիկ, ում թվում է, որ եթե Օբաման արտասանի ցեղասպանություն եզրույթը, ապա դրանից մի ժամ հետո մենք պիտի մեր սահմաններն առաջ տանք Թուրքիայի ուղղությամբ։ Կան նաև մարդիկ, ում թվում է, որ չափից դուրս հաշվենկատ, հեռատես, խելացի, բայց միևնույն ժամանակ պոռնիկ Եվրոպայի կողմից Թուրքիայի համար գրոշ չարժեցող ժեստիկուլյար հայտարարությունը համազոր է ինչ-որ իրավական փաստաթղթի։ Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են, որ գազը մեզ վրա ադամանդի գնով վաճառող և ստրուկի պես վերաբերվող Ցար Պուտինի այցելությունը Հայաստան ապրիլի 24-ին կխոսի այն մասին, որ մենք «պեռվի կռուգ» Ռուսաստանի բարեկամն ենք։ Իրականում մենք ինքներս էլ հասկանում ենք, որ մեծ քաղաքականության թատերաբեմում մեր կարգավիճակը, մեղմ ասած, անտեսանելի է։ Դրա համար էլ պետք է մեկ անգամ ևս հիշեցնենք, որ արտառոց ոչինչ դեռ չի եղել։ Եվրոպան ուղղակի դիմել է, կոչ է արել Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ։ Թուրքիան էլ նստած սպասում էր, թե երբ է Եվրոպան նրան այդ կոչը անելու։ Զավեշտն էլ չափի մեջ պիտի լինի էլի... Քչերն են բարձրաձայնում այն մասին, որ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը լինելուց բացի՝ Թուրքիան նաև իր էմիգրանտների մեծ քանակով այս պահին «օկուպացնում» է հենց այդ նույն Եվրոպան։ Թուրքիային հատուկենտ տված ապտակները, մանավանդ ապրիլի 24-ին մոտ օրերին, ընդամենը Արևմուտքի կողմից սեփական ուժի ցուցադրումն է, ոչ ավելին։ Ամեն դեպքում վերջին հարյուրամյակը դա ինձ ապացուցել է։ Եթե անգամ Թուրքիան զզվեցրել է Արևմուտքին, նա երբեք չի հայտնվի ոչ շահեկան վիճակում, քանի դեռ մենք գոնե մեկ տնտեսական կամ քաղաքական կոմպոնենտով չգերազանցենք նրան։ Մի քանի օրից ամեն բան կանցնի։ Շատ եմ ցավում, որ այս օրերին ամենաբարձր գոռացողները մի քանի օրից մոռանալու են օրվա հրամայականը։ Ինչ վերաբերվում է Արևմուտքին, ապա նրանց համար ապրիլի 24-ը կավարտվի ապրիլի 25-ին։ Սա է այն իրականությունը, ինչն արդեն մեզ կապտակի ապրիլի 25-ին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել