Ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ում շատ արտադրողների մոտ խնդիրներ են առաջացել՝ կապված արտահանման հետ: Հատկապես խնդիրներ ունեն այն արտադրողները, որոնց հիմնական շուկան ՌԴ-ն է: Շատ գործարարներ արդեն իսկ փորձում են ելքեր գտնել այս իրավիճակից դուրս գալու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա նրանց չի հաջողվի կարճ ժամանակաընթացքում: Այնուամենայնիվ, խնդիրը կա, և պետք է լուծումներ գտնել, թե ինչ և ինչպես պետք է գործեն, ինչ օգնություն պետք է հատկացվի այն արտահանողներին, որոնք խնդիրներ ունեն, և ինչ քայլեր պետք է իրականացնի կազմակերպությունը, որպեսզի հետագայում չկրկնվի այս իրավիճակը:
Նման իրավիճակներում պետք է կարճ ժամանակահատվածում լուծումներ առաջարկվեն` կազմակերպություններին աշխուժացնելու համար, իսկ կազմակերպությունը պետք է հասկանա, որ պետք է դիվերսիֆիկացնի արտահանման շուկաները: Կարճաժամկետ լուծումներին պետք է աջակցի կառավարությունը, որի պատասխանատու գերատեսչությունները պետք է վերլուծեն, թե որ կազմակերպություններն են անցած տարիներին արտահանել մեծ ծավալով ապրանքներ և համեմատեն վերջին ամիսների արտահանումների հետ: Հստակ թվեր ունենալուց հետո պետք է հանդիպեն այդ ոլորտի գործարարներին և միասին լուծում գտնեն, աջակցեն, կարճ ժամկետով ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրեն, որպեսզի առողջացնեն կազմակերպություններին, իսկ կազմակերպություններն էլ իրենց հերթին ժամանակ կունենան «շունչ քաշելու», կփորձեն նոր շուկաներ դուրս գալ և մասամբ մեղմել տիրող իրավիճակը: 
Կազմակերպությունները պետք է հասկանան, որ պետք չէ կախվածություն ունենալ մեկ շուկայից, և անհրաժեշտ է, որ ապահովեն իրենց նման ռիսկերից: Երբ արտահանող կազմակերպություններն իրենց ապրանքն արտահանում են ընդամենը մեկ շուկա` կլինի դա ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, իրականում էական չէ, թե ուր` կարևորը, որ իրենք իրենց պետք է հարց տան, իսկ եթե մեկ օր այս շուկան փակվի Հայաստանի արտադրողների համար, ի՞նչ ենք անելու: Ահա և այդ մեկ հարցի շուրջ պետք է լինեն քննարկումներ, վերլուծություններ, առաջարկություններ և նոր շուկաներ մուտք գործելու պլանավորում: Հակառակ դեպքում մեկ շուկայից կախվածություն ունեցող կազմակերպությունները մշտական գտնվելու են ռիսկային գոտում, և լինելու է այն, ինչ եղավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել