Հաճախ թեթևակի վրիպումը կարող է ճակատագրական լինել հանրային մարդու համար: Վերջին ակնառու օրինակը փոխոստիկանապետի վրիպումն էր՝ կապված ժամի հետ: Այն դարձավ բուռն քննարկումների և ծաղրի առարկա, բոլորս մեր պարտքը համարեցինք մի հումոր անել, խոսել այդ մասին, քննարկել այդ թեման:
Հաճախ մեր լրատվամիջոցները հանրահայտ մարդու խոսքից մի հատված կտրում են կոնտեքստից և հրապարակայնացնում: Ու սկսվեց.....
Բոլորն սկսում են փնովել, զազրախոսել, մեկնաբանել, խոսել ու խոսել (ցավոք, երբեմն չարությունից դրդված)....
«Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կմնա»,- ասում էր Թումանյանը մեկ այլ առիթով: Սա կարելի է վերագրել նաև այս դեպքին, երբ «ընկած» մարդուն փորձում են լիովին ոտնատակ անել, նսեմացնել:
Հանդուրժողականությունը պակասում է մեզանում: Մյուս կողմից էլ նմանատիպ երևույթները մարդուն պետք է ստիպեն ավելի հետևողական լինել, ավելի ուժեղ, երբեմն էլ սառնասիրտ:
Այնուամենայնիվ, չմոռանանք, որ մարդը սխալական է. բոլորս էլ պահի ազդեցությամբ ասում ենք բաներ, որոնք գուցե այդքան էլ տեղին չեն, բայց հիշենք սահյանական բանաձևումը՝ ի՜նչ արած, մարդ եմ....

Հ.Գ. Փոխոստիկանապետին չեմ էլ ճանաչում, ոչ էլ պաշտպանում եմ: Ասածս վերաբերում է ընդհանուր երևույթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել