Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն այսօր անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին և խոսել այն մասին, թե այդ կոնֆլիկտի հետևանքով ինչպիսի վնաս է կրել Հալեպի հայ համայնքը: 
Այնտեղ կատարվող ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են հայերով բնակեցված շենքեր, մի շարք կրթօջախներ: Միաժամանակ կուսակցության ղեկավարը ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը սիրիահայերին տարհանումն ու դեպի Հայաստան ներգաղթի կազմակերպումը գնահատում է անբավարար: Լյուդմիլա Սարգսյանը նշում է, որ ՀՀ իշխանությունները պետք է հնարավոր ամեն միջոց ձեռք առնեն սիրիահայ համայնքին աջակցելու նպատակով, այդ թվում պատերազմի թատերաբեմում հայտնված սիրիահայ գաղթօջախներին ուղարկել մարդասիրական օգնություն, առաջին անհրաժեշտության ապրանքներ, ըստ հնարավորության` տրամադրել նաև ֆինանսական աջակցություն:

Հայաստանի քաղաքական դաշտը թերևս պոպուլիզմով զբաղվող գործիչների պակաս չունի և չի էլ ունեցել:

Այսօր շատ ու շատ հայերի ցանկությունն է օգնել Սիրիայում` քաղաքացիական պատերազմի թատերաբեմում, հայտնված մեր հայրենակիցներին: Բոլորս էլ ուզում ենք, որ Հալեպի հայությանը վերադառնա հայրենիք, սակայն այսօր նրանց տարհանումն այդքան էլ հեշտ գործընթաց չէ:
Օրինակ Լյուդմիլա Սարգսյանն ինչո՞ւ չի նշում, թե ինչ միջոցով պետք է նրանց հասցնել այդ օգնությունը: Հալեպում այսօր բառիս ամենաուղիղ իմաստով ընթանում է պատերազմ, ինչպե՞ս պետք է օգնույթյուն տրամադրող ինքնաթիռը վայրէջք կատարի այնտեղ: Ռազմական գործողություններ են ընթանում ամբողջ Սիրիայում, ինչպե՞ս պետք է այնտեղից տարհանել մարդկանց: Այս գործընթացը բնականաբար անհնար չէ, սակայն այդքան էլ դյուրին չէ:

Օդում հայտարարություններ անելու փոխարեն կարելի է մի փոքր մտածել նախքան ինչ-որ բանի մասին խոսելը: Լավ կլիներ, օրինակ, որ տիկին Սարգսյանը վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու հետ միասին ունենար իմ թվարկած հարցերի պատասխանները: Նման կերպ ուղղակի Սարգսյանը փորձում է ֆոն ստեղծել, թե սեփական կուսակցությունը գործընթացի մեջ է: Ակնհայտ է, որ նման խնդիրները պարզապես լավ առիթ են հանդիսանում մեռյալ կուսակցությունների անունները հիշեցնելու համար: Նման բարդ գործընթացները պրիմիտիվ ու պարզունակ լուծումներ չեն ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել