Այսօր Կարեն Դեմիրճյանը կդառնար 83 տարեկան:
Կարեն Սերոբիչն անցյալ հարյուրամյակի հայ ամենաառանցքային պետական-քաղաքական գործիչներից մեկն է:
Նա եղել է Խորհրդային Հայաստանի ամենասիրված ղեկավարը՝ ժողովրդի կողմից արժանանալով Կարեն Շինարար մեծարմանը:
Շատ դժվար էր կոմունիստական իշխանության տարիներին համադրել սովետականն ու ազգայինը: Սերոբիչին դա հաջողվել է: Նա երբեք չէր քծնում Բրեժնևին, բայց իր հայրենիքի համար անում էր այն, ինչը չէր հաջողվում Գենսեկի արևով երդվող իր շատ գործընկերների, ովքեր իրենց հանրապետություններում այդպես էլ չդարձան ժողովրդի սիրելին:
Կարեն Դեմիրճյանը շատ շուտ ինտեգրվեց նաև նորանկախ Հայաստանի տնտեսական, հետո նաև քաղաքական կյանքին:
1999թ-ին նրա և Վազգեն Սարգսյանի դաշինքը բացառիկ էր մեր իրականության համար: Դա մի յուրօրինակ դաշինք էր՝ երկու հայրենասերի դաշինք, Կառուցելու և Պաշտպանելու համադրություն, սերունդների երկխոսություն, մեր պատմությունն ամբողջացնելու փորձ:
Հոկտեմբերի 27-ին հնչեցին դավադիր կրակոցներ:
Մեզնից հեռացավ Կարեն Սերոբիչը՝ միշտ սիրված մնալով սեփական ժողովրդի կողմից, նույնանալով մեր հրաշք հայրենիքի հետ:
Քանի-քանի հայր իր երեխային Երևանում զբոսանքի տանելիս ցույց է տալու շենքեր ու ասելու է. «Տղաս, էս շենքը կամ համերգասրահը, մետրոն կամ հուշարձանը Սերոբիչն է կառուցել...»
Ասելու է ակնածանքով, արցունքն աչքերին, կարոտով, անսահման կարոտով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել