Ես այն հայաստանցիներից եմ, որ անտարբեր եմ՝ ԱՄՆ նախագահը կարտասանի՞ ցեղասպանություն բառը, թե՞ ոչ: Գիտեմ նաև, որ այդ հարցում խիստ սահմանափակ է մեր պետության ու նաև սփյուռքի դերակատարությունը: ԱՄՆ-ի պես խոշոր պետություններն ունեն իրենց շահերը, օրակարգերը, ու ոչ մի պատմություն, ոչ մի աղերս, դիմումներ չեն կարող ազդել նրանց քաղաքականության համար:
Ավելին, Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումը կամ չօգտագործումը գտնվում է բացառապես ամերիկա-թուրքական բազմաշերտ ու ոչ միանշանակ հարաբերությունների տիրույթում, ու բնավ չէի ուզենա, որպեսզի հայկական հարցը դառնա երկու այդ երկրների սակարկության թեմա:
Ինձ համար առավելապես կարևոր է, որպեսզի Թուրքիան առերեսվի իր պատմության հետ, ու այդ երկրի նախագահի շուրթերից լսեմ «ցեղասպանություն» բառը: Ժամանակին Գերմանիայի ղեկավարությունն ունեցավ այդ քաջությունն, ու հիմա այդ երկիրը՝ ձերբազատված նացիզմի բարդույթից, համաշխարհային քաղաքականության առանցքային դերակատարներից մեկն է: Թուրքիան ունի տարածաշրջանային լիդեր դառնալու պոտենցիալ, եթե ձերբազատվի իր պատմության խոռոչներից ու իրապես կյանքի կոչի «զրո պրոբլեմ հարևանների հետ» քաղաքականությունը: Այսպիսի հարևանի հետ մենք կարող ենք համատեղ խնդիրներ լուծել Վաշինգտոնում ու Բրյուսելում՝ մեր միջև առկա խնդիրներն այնտեղ տանելու փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել