Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարությունը մշակեց կուտակային կենսաթոշակային համակարգի փոխզիջումային տարբերակը, համաձայն որի՝ մասնավոր համակարգում աշխատող 1974-ից հետո ծնվածների համար պարտադիր բաղադրիչը հետաձգվեց երեք տարով, պետական հատվածում աշխատողների համար այն պահպանվեց, բայց գործարկվեց աշխատավարձերի բարձրացումից հետո:

Միաժամանակ, ավելացան սոցիալական ավելի մեծ երաշխիքներ խոստացող նոր դրույթներ: Մասնավորապես, 40-50 տարեկանների համար կուտակային համակարգին մասնակցելու պարագայում ավելացվեց պետական համաֆինանսավորումը, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների կուտակային սոցիալական վճարի առավելագույն շեմ սահմանվեց 25 հազար դրամ, 18 տարեկանների համար պարտադիր սոցիալական վճարը պահպանվեց, բայց եկամտային հարկից հանելու միջոցով և այլն:

Հովիկ Աբրահամյանի վարչապետության սկիզբը համընկավ ևս մեկ դժգոհության հետ, որն առնչվում էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների չափերին: Հասարակության մի մասի կարծիքով, դրանք գումարային առումով չափից դուրս խիստ էին: Նոր կառավարությունը մեղմեց և ավելի ճկուն դարձրեց խախտումների համար տուգանքները, որոնք ուժի մեջ մտան հուլիսի 26-ից:

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում
Պետական համակարգում շուրջ 200 հազար աշխատողների, հատկապես քաղծառայողների և հայեցողական պաշտոն ունեցողների համար ոչ միայն անցած տարվա, այլև վերջին տարիների կարևորագույն իրադարձությունը 2014-ի հուլիսի 1-ից աշխատավարձերի նշանակալի բարձրացումն էր` 40-80 տոկոսով: Պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում չէր եղել գրեթե 10 տարի:

2015-ի հունվարի 1-ից էլ կենսաթոշակները բարձրացան
Կառավարության որոշմամբ՝ 2015թ. հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվեց 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ: Արդյունքում, աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015թ. կկազմի մոտ 41 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել