Եթե հավատանք «Հայկական ժամանակ»-ին, ապա առաջիկա տասնօրյակում մեզ խիստ տհաճ անակնկալ է սպասվում Հայաստանի էլեկտրական ցանցերից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Ըստ թերթի տեղեկությունների՝ արդեն առաջիկա օրերին ՀԷՑ-ը դիմելու է հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 6 դրամով թանկացնելու համար, ինչի համար հոսանքի գինը գիշերային ու ցերեկային ժամերին կդառնա համապատասխանաբար 38 և 48 դրամ։

Փորձը ցույց է տալիս, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից նման զարգացումների դեպքում ոչ մի լավ բան սպասել պետք չէ, ու դեռ մի բան էլ պետք է ուրախ լինենք, որ իրենց նախաձեռնությամբ չթույլատրեն, ասենք, ոչ թե 6, այլ 10 դրամով թանկացում իրականացնել։

Մյուս կողմից, իրոք արդեն զզվացնում է ՀԷՑ-ը և դրա ռուս սեփականատերերը։ Որքան էլ գազը և այլ էներգակիրները թանկացած լինեն, դրանք այնքան չեն թանկացել, իսկ էլեկտրաէներգիա արտադրելու այլ ռեսուրսներն այդքան չեն նվազել, որ ընդամենը 2-3 տարում էլեկտրաէներգիայի սակագինը թանկանար 2 անգամ։ Այո, Հրազդան ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձր է (լսել եմ՝ 40 դրամի կարգի), բայց ատոմակայանինն էլ հո էժա՞ն է՝ 11-12 դրամ, Հրազդան-Սևան Կասկադինը գրոշնե՞ր են (4-5 դրամ), մասնավոր ՀԷԿ-երինն էլ հաստատ շատ ավելի թանկ չէ, քան 20 դրամը։ Ըստ այդմ, ինչպե՞ս է ստացվում, որ առանց այն էլ խիստ բարձր այսօրվա սակագինը չի հերիքում Հայաստանի Էլեկտրական Ցանցերին։

Այնպիսի տպավորություն է, որ Հայսստանում գործող ռուսական կապիտալն անում է ամենը, որ ժողովրդի մոտ առաջացնի այդ ռուսական կապիտալը բռնի ուժով նացիոնալիզացնելու հանրային համատարած պահանջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել