Վերջին շրջանում մեծ Հայ Շառլ Ազնավուրի տված հարցազրույցներում նրա կողմից հնչեցրած ձևակերպումները, մեղմ ասած, անհասկանալի են: Եթե Իվան Ուրգանտի ծրագրում նրա պատասխաններին ինչ-որ կերպ կարելի էր հումորով վերաբերվել, ապա վերջին օրերին տված հարցազրույցներում նա, մեղմ ասած, անհասկանալի պատասխաններ է տալիս Ցեղասպանության 100-ամյա տարելիցին իր մասնակցությանն առնչվող հարցերին: Ի՞նչ է կատարվում Ազնավուրի հետ։ 
Ես չեմ կարող քննադատել նրա քայլերը, քանի որ Ազնավուրն ինձ համար հանդիսանում էր և է հայի իրական մարմնավորումը: Ես չեմ ուզում անգամ մտածել, որ նա շատ ու շատ մեր նման սովորական մահկանացուների պես կարող է ինչ-որ բանից հիասթափություն ապրել: Ազնավուրը հսկայական ներդրում ունի հայի ճակատագրում: Երկրաշարժից հետո, արցախյան պատերազմի ընթացքում և Եղեռնի ճանաչման գործում նրա անփոխարինելի գործունեությունն անժխտելի է: Ես վստահ էի, որ Հռոմի Պապի մատուցած պատարագին նա կլինի հյուրերի առաջին շարքում, բայց, ավաղ, նա անգամ չէր եկել Վատիկան, ու հարցականի տակ է նաև նրա՝ ապրիլի 24-ին Հայաստան գալու հարցը: Ես ուղղակի անզոր եմ այս ամենն ընկալել... Ազնավուրից ավելի Ազնավուր դառնալ հնարավոր չէ, ու հնարավոր չէ հասկանալ նաև նրա քայլերն ու դրանց տողատակերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել