Երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս հրապարակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչված հայկական խաչքարի տեղադրումը եկավ լրացնելու Հռոմում, Միլանում, Պադուայում, Բարիում և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների շարքը՝ որպես խոսուն վկա այն ոճրագործության, որ մեկուկես միլիոն անմեղ կյանք խլեց: 

Նրանցից շատերն այդպես էլ շիրիմ չունեցան, և հենցայս է պատճառը, որ նման հուշարձանների առավել կարևոր առաքելությունը նրանում է, որ դրանք դառնում են նրանց հիշատակի յուրատեսակ հանգրվան: Իսկ այս խաչքարի խորհուրդն ավելին է, քանզի դրա բնօրինակը նույնպես անխնա ոչնչացվել է՝ Նախիջևանի մնացյալ խաչքարերի շարքում՝ զոհ գնալով Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությանը:

Ու չնայած թուրքերն ու իրենց ադրբեջանցի եղբայրները չեն դադարեցնում հայատյացության ու հայի ցանկացած հետք ոչնչացնելու իրենց քաղաքականությունը, նման արարողությունները խորհրդանշական են, քանի որ ցույց են տալիս, որ բիրտ ուժն ու մարդատյացությունն անզոր են հայերի ստեղծարարության ու հոգեղենության առջև և հայկական մշակույթի ու ոգու ծիլը, միևնույն է, իր համար ճանապարհ է հարթում և ծաղկում է։

Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկնօրինակը, որը կզարդարի իտալական Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը,, կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը օծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու կարդինալ Սեպեի ձեռմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել