Մեր ներքին ու արտաքին ձախողումների և կորուստների հիմնական պատճառն այն է եղել, որ հայ քաղաքական-քաղաքագիտական միտքն իր բանաձևուների ու որոշումների ձևակերպումները ստացել է իշխանությանն անհաղորդ ու դրա ֆենոմենի խորն ու համարժեք ընկալումը չունեցող մտավորականության միջավայրից: Երևի թե այդ է պատճառը, որ մեր ավանդական կուսակցությունները հեղափոխական էին թե՛ իրենց անունով, թե՛ գործելակերպով: Պարզվեց, որ Խորենացի ու Եղիշե կարդալ-սերտելով և մեր այդ մեծերի գրվածքների առանձին հատվածներ անգիր ասելով՝ հնարավոր չեղավ ապահովել արդյունավետ քաղաքական լուծումներ: Աշխարհաքաղաքական զարգացումների հիմքում ընկած են շատ որոշակի և կայուն օրինաչափություններ, որոնք և հանդիսանում են այն անհաղթահարելի շարժիչ ուժը, որի հետ պետք է հաշվի նստեն քաղաքականություն վարելու համար պատասխանատու բոլոր օղակները՝ պետությունների ու անձերի մակարդակում: Շարքային քաղքենին, դատողություններ անելով քաղաքականության մասին, սովորաբար հստակ տարբերակում է միմյանցից չարն ու բարին (անշուշտ դրանց մասին ունեցած սեփական պատկերացումների չափով) և չի անդրադառնում այն իրողությանը, որ իրական կյանքում դրանք սերտաճած են, իսկ ինքն էլ այդ սերտաճման առարկայական մարմնավորումն է ու, որպես այդպիսին, քաղաքականություն իրականացնող մարմինների և անձանց գործունեության հիմնական թիրախը: Պետական կառավարման համակարգի մակարդակում Հայաստանը քաղաքական մտածողության անհրաժեշտ մակարդակն առայժմ չի ապահովում: Ցավոք, նաև մեր կրթական համակարգի գործունեության առանձնահատկությունները թույլ չեն տալիս ակնկալել, որ համապատասխան մասնագիտական կրթություն ստացող երիտասարդներն իրենց ուսումնական հաստատությունն ավարտելիս ձեռք կբերեն ժամանակի ընթացքում քաղաքական գործընթացների խորքային էությունը հասկանալու համար անհրաժեշտ գիտելիքների գոնե նվազագույն պաշարը: Այս ոլորտի մասնագետ պատրաստելու համար լուրջ ջանքեր և ժամանակ է անհրաժեշտ, սակայն կայացման պարագայում երկրի համար նրանցից յուրաքանչյուրը մեծագույն արժեքը կհանդիսանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել