Երեկ լուսաբացին՝ ժամը 5-ին, Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Այս թեման անդրադարձի կարիք ունի:
Անշուշտ, Ժիրոն ու նրա ընկերները կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով։ Եթե նրանք հանդես չգային իշխանափոխության կոչերով, կարգախոսներով, ապա հիմա հազիվ թե հայտնվեին ճաղերի հետևում:
Մյուս կողմից, խիստ կասկածում եմ, որ Հիմնադիր խորհրդարանի արմատական կոչերին հետևելու էին կոնկրետ գործողություններ, առավել ևս՝ զանգվածային անկարգություններ: Այս նույն մարդիկ մեկ ու կես տարի առաջ նույնքան արմատական հանդես էին գալիս Փակ շուկայի վերակառուցման դեմ: Սակայն արմատական կոչերին չհետևեցին ոչ կոնկրետ գործողություններն, ու ոչ էլ ստվարացան բողոքողների շարքերը: Հիմա էլ Ժիրոյի խումբը չուներ և չունի զանգվածային աջակցություն, ըստ այդմ՝ չէր կարող զանգվածային անկարգություններ նախապատրաստել՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
Բնավ չեմ արդարացնում այս մարդկանց ձերբակալությունն ու կալանավորումը, բայց չեմ հասկացել նաև նրանց քաղաքական մոտիվացիան, այն գործիքները, որոնցով նրանք ձգտում էին իշխանափոխության:
Մի քանի անգամ ասել եմ ու հիմա կրկնեմ՝ կտրականապես դեմ եմ, որ համազգային որևէ առիթ ծառայեցվի քաղաքական կոնյուկտուրային: Այնպես չէ, որ այս իշխանությունը տարվա 364 օրերին հրեշտակ է, ու հենց ապրիլի 24-ին օրը պետք է բացահայտվեր նրա հրեշավոր էությունը:
Ժիրոյենց ձերբակալությունը քաղաքական է, բայց դրա հիմքերը ստեղծեցին հենց իրենք՝ մոտիվացնելով իշխանությունների քայլերը: Եթե Շանթի ու նրա ընկերների պարագայում գործ ունեինք ռոմանտիզմի դրսևորման հետ, ապա այս դեպքում բացակայում է նույնիսկ այդ բաղկացուցիչը: Քաղաքական մազոխիզմը հերթական անգամ հուսահատեցրեց հասարակությանը, կոնսոլիդացրեց իշխանության ուժային ռեսուրսն ու ոմանց առիթ տվեց խոսելու երկրում քաղկալանավորների առկայության մասին: Ընդ որում, աղմուկ բարձրացնողների զգալի մասն ընդամենն օրեր առաջ Ժիրոյին ու նրա ընկերներին արկածախնդիր էր որակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել