Սովորաբար լայն հասարակական հետաքրքրություն ներկայացնող երևույթները, իրադարձություններն ունենում են ոչ միատեսակ հասարակական ընկալում, և դա շատ բնական է:
Հաշվի առնելով նման երևույթներին յուրաքանչյուր մարդու սեփական կարծիք ու մոտեցում ունենալու ազատությունը՝ այդ տեսակետից կարծես թե ամեն բան նորմալ է, հասկանալի և ընդունելի: Ուղղակի ամեն մի նման մեծ հասարակական հնչեղություն ունեցող երևույթ իր հասարակական ընկալումների և արտահայտման ձևերի մեջ զերծ չի մնում նաև ծայրահեղ մոտեցումներից: Նույնը տեսանելի էր նաև հայտնի հեռուստաաստղի թե՛ մինչև Հայաստան ժամանելու ընթացքում, թե՛ այս ընթացքում, երբ Հայաստանում է, և բնականաբար նման մոտեցումներ ակնկալելի են նաև դեռ որոշ ժամանակ, երբ Քիմն արդեն Հայաստանից մեկնած կլինի:
Նրա այցի, առավել ևս նրա անձի դրական ու բացասական կողմերին չէ, որ ուզում եմ անդրադառնալ, չնայած անձի հետ կապված՝ լրիվ կողմ եմ այն մոտեցմանը, որ այլոց անձնական կյանք «ներխուժելը», մեղմ ասած, քաղաքավարության ոլորտից չէ: Բնական է նաև այն, որ Հայաստանի ճանաչման, երկրի հետ կապված շատ հարցերի, նաև Հայոց ցեղասպանության իրողության մասին նրա այցը, այն էլ թուրքական մերժողականության ֆոնին, կունենա մեծ ու դրական ազդեցություն՝ հաշվի առնելով Հեռուստաաստղի պատկառելի թվով հետևորդներ ունենալու անհերքելի փաստը, և բոլորովին էլ կարևոր չէ նրանց «հետաքրքրասիրությունների ոլորտը»:
Պարզապես տպավորությունն այս ցնցագին սպասումների պահով՝ կապված նրա այցի դրական ազդեցությամն հետ, հուշում է մեկ այլ, մեղմ ասած, բացասական վիճակի և իրողության մասին: 
-Այն, որ Հայաստանը միջազգային հանրությանը պետական մակարդակով ըստ արժանավույն ներկայացնելու հարցում եղել են ու կան բացեր։
-Այն, որ պետական մակարդակով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էլի ունենք ոչ բավարար չափով կատարված աշխատանք:
-Այն, որ ՀՀ արտաքին գերատեսչությունն ունի լուրջ բացթողումներ պատմական իրողություններին համարժեք դիվանագիտություն վարելու հարցում, վկան՝ չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունների և նրա դեռ անորոշ ապագան:
Կարծում եմ՝ հատկապես այս և էլի շատ ու շատ ոլորտներում ոչ բավարար աշխատանքներով է նաև պայմանավորված սպասումների առումով այն մեծ ոգևորությունը, որը կապված է Քիմի այցելության հետ:
Ունենալ անկախ պետականություն և շատ պետական մակարդակով լուծելի հարցերի լուծումը, ավելի ճիշտ՝ «փրկությունը» որոնել ճանաչելիների ժամանումների հետ կապված լուսաբանումներում, համենայնդեպս պետական մտածողության դիրքերից, այնքան էլ ընդունելի չէ:
Այնպես որ վերջում մնում է ուղղակի ավելացնել.
Ցնծա՛, բյուրվիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Քիմ Քարդաշյանին տեսար։)))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել