Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրապարակել է 2014 տարեկան զեկույցը, որտեղ որոշակի, այդ թվում՝ քննադատական, դիտարկումներ կան նաև ոստիկանության գործունեության վերաբերյալ:
Ոստիկանությունը միշտ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ քաղաքացու իրավունքների պաշտպանությանն ու օրինականության ամրապնդմանն ուղղված ընդգրկուն աշխատանքը և արագ ու պատշաճ արձագանքել կոնկրետ դեպքերով արված դիտողություններին, իսկ զեկույցները դիտվում են որպես աշխատանքային փաստաթութղթ, քանի որ արտահայտում են նախևառաջ հասարակության մտահոգությունները: Նույնիսկ այն դեպքում, երբ ոստիկանության գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ անխուսափելի են մասնագիտական տարընթերցումները, ոստիկանության կողմից առաջնություն է տրվում այդ զեկույցների խոր վերլուծությունից արվող եզրահանգումներին ու գործողությունների ճշգրտմանը:
Ոստիկանության համար չափազանց կարևոր է իր բարեփոխումների, ռազմավարության, ծառայության արդյունքները տեսնել հասարակության աչքերով, տվյալ դեպքում՝ ՄԻՊ-ի դիտարկումների և գնահատականների միջոցով:
Ոստիկանությունը շարունակելու է սերտ գործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ մեր կառույցների գործունեությունը դիտարկելով միևնույն՝ իրավական պետության կայացման, հանրության իրավագիտակցության ամրապնդման, քաղաքացու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել