Hraparak.am–ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր շատ պահանջված էր Ազգային ժողովում։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ հենց նա է երեկ Հյուսիսային պողոտայի թանկարժեք ռեստորաններից մեկում ընթրել Քիմ Քարդաշյանի հետ։ Մարտիրոսյանը, սակայն, այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ոչ թե պաշտոնապես հաստատեց կամ հերքեց, այլ հղում տվեց հենց մամուլին՝ ըստ էության չհերքելով իր հանդիպման ու ընթրիքի մասին լուրերը։

«Դե որ ասում եք, մի բան գիտեք։ Բայց տիկին Քարդաշյանը ազատ շրջում է քաղաքում, փոխանակ իրենից ինտերվյու վերցնեք, ինձնի՞ց եք վերցնում»,-իր պահանջվածության վերաբերյալ զարմանք հայտնեց նա։ Այսինքն՝ պատահաբա՞ր է նրան հանդիպել, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ ոչ, պատահաբար ոչինչ չի լինում։ Իսկ այն հարցին, թե ինչպես պատահեց, որ հենց ինքը ճաշեց Քիմի հետ, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Դե, հիմա, բա ո՞վ ճաշեր։ Բա չարժի՞, որ ես ճաշեմ»։ Նրան ևս մի քանի հարց ուղղեցինք, և մեր զրույցը ներկայացնում ենք ստորև՝ հարցուպատասխանով․

-Ո՞վ փակեց հաշիվը, պարո՛ն Մարտիրոսյան։

-Փակած էր հաշիվը։

-Իսկապե՞ս 300 հազար դոլար է վճարել Ձեզ, որ համաձայնեք ընթրել իր հետ, ինչպես գրել էր կայքերից մեկը։

-Չէ, չէ, դե ամոթ չի ախր, տենց բաներ պետք չի ասել։

-Ի՞նչ տպավորություն ստացաք նրանից։

-Շատ բարձր տպավորություն ստացա։

-Նրա գեղեցկության մասին ի՞նչ կասեք։

-Շատ գեղեցիկ տիկին է, ինչպես ցանկացած հայ տիկին։

-Պարոն Մարտիրոսյան, նա, ըստ Ձեզ, իսկական հայուհի՞ է։

-Այո։

-Իսկ ի՞նչ խոսեցիք նրա հետ։

-Մենք մեր դարավոր իղձերից խոսեցինք, մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից․․․ դե որ ասեմ՝ գազի հանձնաժողովից խոսեցինք, չգիտեմ․․․

-Ծառուկյանից չհարցրի՞ք։

-Ծառուկյանի՞ց։ Չէ։

-Ի՞նչ իմացավ նա մեր մասին։

-Երեկվա ընթրիքից հետո նա ավելի շատ իմացավ, քան թե գիտեր։ Շատ ավելի պատրաստված է մեր խնդիրներն առաջ տանելու առումով, շատ ավելի տոգորված է և՛ մեր խնդիրների լուծման անհրաժեշտության հարցում, և՛ պատրաստ է դրանցում աջակցել։

-Պարո՛ն Մարտիրոսյան, իսկ Քենյի՞ն ոնց, էր, Քենյին։

-Շատ լավ էր։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել