Մարդիկ հազվադեպ են անդրադառնում այն իրողությանը, որ ժամանակի հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքն ու կյանքի նպատակների ընտրությունը հաճախ կանխորոշված է այս կամ այն գերքաղաքակրթությանը պատկանելու հանգամանքով: Քրիստոնեահրեականության, իսլամի և բուդդիզմի աշխարհընկալման փիլիսոփայական բանաձևումներն իրենց ազդեցության տիրույթում գտնվող հետևորդներին և չեզոք մարդկանց ժամանակի առանցքի վրա սեփական դիրքը տեղորոշելու որոշակի նախապատվություններ են պարտադրում: Տալիս են նաև մարդու համար կատարելության բնորոշումն ու դրան հասնելու ուղի նախանշում: Իսլամը, մեծ հաշվով, ստիպում է մարդկանց ետ նայել և փորձել իրենց բարքերով տեղավորվել Մոհամեդի կողմից յոթերորդ դարում սահմանած կանոններին: Այն պահպանողական է՝ դատապարտում և մերժում է շեղումներն ու նորամուծությունները: Հրեաքրիստոնեությունը միտված է ապագային, և մարդու մոտ ազատ կամքի առկայության թեզը գործադրելով ամենօրյա կյանքում՝ անձի անհատական ազատության ու զարգացման սահմաններն ընդլայնելու հսկայական, հաճախ նաև կործանարար ներուժ է պարունակում: Ժամանակի առանցքի վրա հրեաքրիստոնեական ապագայի Ահեղ Դատաստանն է իրական կյանքի մեկնակետը: Բուդդայականությունը ժամանակից դուրս է՝ մարդը պետք է համակերպվի իրականության հետ, իսկ կատարյալ դառնալու և նիրվանայի հասնելու գերագույն իմաստն ու հաճույքը՝ ժամանակից, մարդկային փոխհարաբերություններից, ֆիզիկականից դուրս գոյությունն է: Աշխարհաքաղաքական գործընթացներն ուղղորդելու համար այս բաժանումը բավական լուրջ հնարավորություններ է պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել