Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու են մեր որոշ հայրենակիցներ այդքան ծանր տանում Քարդաշյանի այցն ու դրա շրջանակներում ակնկալվող տարբեր հավանական հանդիպումները։ 
Ի վերջո, Քարդաշյանը համաշխարհային մասշտաբի կերպար է, ու մեր բախտը բերել է, որ հայ է, ընդ որում՝ հայ, ով ոչ միայն երբեք չի ուրանում իր արմատները, այլև ոնց հասկանում եմ՝ հպարտանում է դրանով։ 
Քարդաշյանն ԱՄՆ-ում այնքան մեծ հանրայնություն վայելող ֆիգուր է, որ նրա հետ ԱՄՆ-ի նախագահն է հանդիպում, և դրանից ողբերգություն ոչ ամերիկացիներն են սարքում, ոչ էլ աչքովս է ընկել, որ Օբամային անարգանքի սյունին մեր հայրենակիցները գամեն՝ Քարդաշյանի հետ հանդիպելու համար։
Իրականում, առավել քան անմտություն կլինի՝ հրաժարվել Քարդաշյանի գործոնն ի օգուտ մեզ ծառայեցնելուց, ու ելնելով այս տրամաբանությունից՝ մենք ոչ միայն պետք է զերծ մնանք ողբերգություն սարքելուց, եթե նախագահը, վարչապետը, ինչ-որ նախարար կամ էլ այլ բարձրաստիճան պետպաշտոնյա հանդիպի Քիմի հետ, այլև պետք է մի բան էլ խրախուսենք դա, որպեսզի հնարավորինս մեծ լինի հավանականությունը՝ Քիմին մեր տիրույթում պահելու և հայանպաստ գործունեությունում նրան խրախուսելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել