Երեկ մի տեղ կարդացի, ու շատ դուր եկավ էդ միտքը, որ շախմատի, պարի ու տեխնոլոգիայի դասերի փոխարեն դպրոցում «ինչն է լավ, ու ինչն է վատ» դասեր պիտի մտցվեն:
Ու բանիմաց ուսուցիչը ներարկի երեխաներին, որ հարուստի երեխա լինելն առավելություն չի, ուղղակի վիճակ ա։ Որ աղքատ լինելը, վատ հագնվելը ամոթ չի, ժամանակավոր բան ա։ Որ մի քանի հոգով մեկին ծեծելը տղամարդու արարք չի: Որ դասարանի, շենքի ու քաղաքի ցանկացած հաշմանդամից ինքը ոչ մի առավելություն չունի:
Պիտի հստակ մտցվի երեխաների գլուխը, որ ուսումը, կրթությունը, կիրթ լինելը, դաստիարակված լինելը ամոթ չի, ոնց հիմա ենք կարծում, այլ առավելություն ա:
Պիտի երեխայի գլուխը մտնի, որ ինչքան բան իմանաս, էնքան հետաքրքիր մարդ կարող ես լինել:
Որ տրանսպորտում արժի կամաց խոսել, տեղ տալ մեծերին: 
Շատ պահեր կան, որ մեր երեխաներն էսօր չգիտեն։ Մանավանդ թեմայից անտեղյակ, հղփացած ընտանիքներում մեծացածները:
Փրկել ա պետք էս երեխաներին, որ վաղը չկանգնենք փաստի առաջ, թե էս ոստիկանն ինչի ա էսքան անմակարդակ ու դաժան, բժշկականում որ կաշառք են վերցնում, անգետին դիպլոմ են տալիս` ինչ անդառնալի հետևանքներ կարա ունենա, էս բժիշկը ոնց կարա առանց գիտելիքների մտնի վիրահատարան, էն դասատուն խնդիրն անգամ լուծել չգիտի, տանն էլ չի կարողացել գլուխ հանի խնդրից ու եկել, անօգնական կանգնել ա աշակերտների առջև...
Որ հայրենիքը սիրել իմանան, որ ծառ չկոտրեն, որ բույն չքանդեն, որ սիրեն կենդանիներին ու բնությունը....
Հիմա կասեք` շրջակա աշխարհ առարկան տալիս ա շատ հարցերի պատասխանը:
Ես էլ ասում եմ, բավարար չի, կարիքը կա, որ հատուկ անդրադառնանք շատ ու շատ հարցերի, որ հետագայում էս խնդիրները ձնագնդիկի օրենքով չմեծանան ու չարիք դառնան հասարակության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել