Պրոբացիոն ծառայությունը, որն Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է, ոչ միայն լուծում է քրեակատարողական հիմնարկների ֆիզիկական բեռնաթափման խնդիրը, որքան նպաստում դատապարտյալների վարքականոնի շտկմանը: Այն նաև ուղղված է պատժի ինստիտուտի կատարելագործմանը, որովհետև պատիժը՝ որպես պետության կողմից մարդկանց վարքի վերահսկման և ուղղման յուրօրինակ մեխանիզմ, չի կարող գործառնական արդյունավետություն ապահովել, եթե զուրկ է ինչպես գաղափարական, այնպես էլ ինստիտուցիոնալ բովանդակությունից:

Պրոբացիոն ծառայության գաղափարական նշանակությունը կարող է լինել պետության կողմից մարդկանց օրինավոր վարքի շեղման կանխարգելումն ու դաստիարակությունը՝ նպաստելով պատիժը կրող անձանց սոցիալիզացմանն ու հասարակական ինտեգրացիային: Այլ կերպ ասած՝ պրոբացիայի ծառայությունը նպաստում է պատժի ինստիտուտի այնպիսի կարգավորմանը, որով պատիժը դառնում է ոչ թե մարդկանց հասարակությունից մեկուսացնելու և նրանց մոտ մեկուսացվածի բարդույթ ձևավորելու գործոն, այլ օրինավոր վարքից շեղվելու գիտակցման ու այն ուղղելու պատրաստակամության խթան:

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն վայրում մեկուսացած քրեական հանցագործություն կատարած անձիք ավելի շուտ ձեռք են բերում քրեական բարքեր, քան նրանց վրա կարող է դրականորեն ներգործել այնպիսի պատժատեսակը, որը բացառապես ունի մեկուսացման բնույթ: Այսպես, շնորհիվ պրոբացիայի ինստիտուտի, ավելի մեծ հնարավորություն կբացվի դատապարտված անձանց ուղղման աշխատանքների կազմակերպման և վերջինների մոտ սոցիալական կողմնորոշման վարքի ձևավորման համար:

Գաղափարը լավն է, մնում է այն կիրառելու վճռականություն և կամք, որպեսզի խնդիր լուծի, այլ չդառնա ոլորտը բարդացնող խնդիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել