Մինչ աշխարհի վերջը, որը պետք է տեղի ունենա հնդկացի մայաների օրացույցի ավարտի կապակցությամբ, մնացել է երկու ամիս, գրում է newsru.com-ը։

Հետհաշվարկը մտնում է եզրափակիչ փուլ, և գիտնականները, բլոգերներն ու էզոթերիկները որոշել են ևս մեկ անգամ քննարկել, թե ինչպիսին կլինի մարդկության վերջին օրը։

Դեկտեմբերի 21-ին ողջ մնալ ցանկացողներն ավելի լավ է գտնվեն գյուղական տարածքներում, խորհուրդ են տալիս լամաները։ Այդ պահին Երկիրն անցնելու է «զրոյական գծով», և երկրագնդի վրա չի լինի էլեկտրականություն և կապ։ Երկիրը թեթևակի «կցնցվի», փողոցում կքայլեն ստվերներ, որոնք կարծես դիակներ կլինեն։ Երկրաշարժի պատճառով որոշ շենքեր կփլուզվեն, սակայն հիմնականում մարդիկ կմահանան վախից, կարծում են լամաները։ Հետագայում Երկիրը կանցնի վերականգնողական փուլ, և 2013թ. փետրվարի 7-ին իրավիճակը կկարգավորվի։

Մարդկության ոչնչացման գաղափարին համացանցի օգտատերերը բավական թերահավատորեն են վերաբերվում, իսկ նրանց, ովքեր իրոք հավատում են աշխարհի վերջին, խորհուրդ են տալիս ծախսել բոլոր խնայողությունները և ապրել այնպես, կարծես վերջին օրն է։ Դա օգուտ կլինի տնտեսությանը, գրում է The Hollywood Gossip պորտալը։

«Դեկտեմբերի 21-ին մեզ սպասվում է սովորական արևադարձ և ոչ ավելին», - սա էլ գիտնականների կարծիքն է։

Նրանք նշում են նաև, որ իրենք՝ մայաները, չեն անվանել այդ օրը որպես աշխարհի վերջ։ Նրանց տեքստերում նշվում է իրենց օրացույցի ավարտի օրը, սակայն մահանալ 2012-ին նրանք չէին պատրաստվում։

Ինչևէ, ըստ Reuters-ի հարցման՝ Երկրի բնակչության 15%-ը հավատում է, որ աշխարհի վերջը կլինի իրենց օրոք, իսկ յուրաքանչյուր 10-րդը վստահ է, որ ապոկալիպսիսը տեղի կունենա 2012թ.։

Մայա ցեղի պատմության փորձագետները վստահ են, որ պետք չէ ողբերգություն դարձնել հին հնդկացիների օրացույցի ավարտը. չէ՞ որ ժամանակակից մարդը չի սպասում աշխարհի վերջին միայն այն պատճառով, որ տարվա վերջում ավարտվում է իր օրացույցը։ Նա պարզապես գնում է նորը։ Նույնպես կվարվեին մայաները, եթե ապրեին մինչև մեր օրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել