Ինքնատիրապետումը կյանքի բոլոր բնագավառներում հաջողության բանալին է:

Դժվար է ունենալ անդիմադրելի հմայք, եթե ծուլանում ես: Այս միտքս հաստատել են շատ ճանաչված գեղեցկուհիներ կինոյում ինձ հետ աշխատելիս: Եթե կարծում եք՝ էկրանին երեւացող կինոաստղերը շքեղ տեսք ունեն առանց ջանքերի, սխալվում եք:
Հավատացեք, որ արտիստուհին էկրանին կամ փողոցում հանդիպող գեղեցիկ կինը հենց իրենք են ստեղծում իրենց տեսքը: Մասնագետները կարող են արտաքին տեսքը բարելավել կամ ինչ-որ բան շտկել, բայց չեն կարող կերպավորել այն, ինչ որ չկա:
Տպավորիչ եւ սովորական կնոջ միջեւ տարբերությունը ինքնատիրապետման առկայությունը կամ բացակայությունն է:
Եթե երիտասարդ կինն ունի գեղեցիկ եւ արտահայտիչ տեսք, բայց զուրկ է ինքնատիրապետումից, տարիներ անց նրա գեղեցկությունից ոչինչ չի մնա: Եվ հակառակը, արտաքինով աչքի չընկնող, բայց իրեն խնամող կինը տարիների հետ դառնում է ավելի ու ավելի հետաքրքիր: Ի դեպ, որքան ավելի ես ենթարկվում քո իսկ սահմանած կարգապահությանը, այնքան ավելի հեշտ է դառնում այն պահպանել: Ես հաճախ եմ մասնակցում ճաշկերույթների, ընթրիքների, որոնց ժամանակ մատուցվում են անհավատալի քանակով հրաշալի ուտեստներ: Երբեմն դժվար է հրաժարվել համեղ ուտեստից: Սակայն ես սովորել եմ ղեկավարվել մեկ փաստով՝ քաղցած եմ, թե ոչ: Շատ դժվար է ինքդ քեզ անընդհատ հրահանգներ տալը: Ես, օրինակ, մարմնամարզությամբ չեմ զբաղվում այնքան, քանի դեռ ինձ չեն հաղթում խղճիս տանջող ծակծկոցները: Հավաքում եմ ողջ կամքս, մտքում ինձ ապտակում եւ ասում. «Սկսիր, թանկագինս, այլապես ամեն ինչ ապարդյուն կանցնի: Բավական է սկսել, եւ այլեւս կանգ չես առնի»: Մարմնամարզությունից հետո եկող ուրախությունն ու բավարարվածությունը մոռանալ են տալիս նախորդած տանջանքները:

.... Շատ կարեւոր է ամենօրյա խնամքը քո հանդեպ: Կոսմետիկայի, նորաձեւության նորություններին մշտապես հետեւելը դրական արդյունք է տալիս: Պարտադիր չէ մասնագիտորեն տիրապետել այն ամենին, ինչ կապված է արտաքին տեսքի խնամքի հետ. առողջ հետաքրքրասիրությունը, բաց աչքերն ու ականջները Ձեզ լավ ծառայություն կմատուցեն:

…. Ամենակարեւորն այն է, որ Ձեր հանդեպ ունեցած անուշադրությունն ու անփութությունը երբեք չբացատրեք ժամանակի անբավարարությամբ կամ ծայրահեղ զբաղվածությամբ: Իմ կարծիքով, կնոջ համար միայն մի շրջան կա ինչ-որ բան չհասցնելու. դա երեխայի ծնունդն է: Մնացած դեպքերում ամեն ինչ կարելի է հասցնել: Երբ կա ընտանիք, աշխատանք, պարտականություններ, ժամանակդ միայն քեզ չի պատկանում: Ինձ համար էլ հեշտ չի եղել. առավոտյան մի ժամ շուտ եմ արթնացել, կենտրոնացել նպատակի, ոչ թե դժվարությունների վրա:

Ծուլությունն ու կամքի բացակայությունն արդարացնելու պատճառ մի փնտրեք. գնացեք դեպի նպատակների իրագործում:

Սոֆի Լորեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել