Հարուն ալ Ռաշիդ* թագավորը երկու տղա ուներ, մեկը Ամին անունով, նրա կնոջ տղան էր, իսկ մյուսը՝ Մամուն անունով, նրա աղախնի տղան էր: Խալիֆը ցանկանում էր, որ իր մահից հետո իշխանությունն անցնի աղախնի տղային, բայց կինը ընդդիմանում էր դրան: Մի անգամ Հարուն ալ Ռաշիդը կնոջն ասաց.
- Եկ փորձենք երկուսի խելքը, ով խելոք լինի, նա էլ թող իշխի:
Եվ նրանք վստահելի մարդիկ են ուղարկել մեկի եւ մյուսի մոտ առանձին-առանձին հարցնելու միեւնույն բանը.
- Իսկ ինչո՞ւ իշխանությունը չես վերցնում քո ձեռքը:
Լսելով այս հարցը, Հարունի կնոջ տղան թագավորի վստահված մարդուն խոստանում է գլխավոր խորհրդականի բարձր դիրքն ու պաշտոնը: Բայց երբ նույն հարցը տվել են աղախնի տղային, նա մոտը եղած թանաքամանը խփելով վստաhվածի գլխին, բացականչել է.
- Օ՜ հիմար: Դու խոսում ես խալիֆի մահվան մասին եւ դեռ պարգեւ էլ ես պահանջում: Իսկ ես ավելի շուտ կհամաձայնվեմ, որ բոլորս կործանվենք, միայն թե մեր խալիֆը ողջ լինի, քանի որ մեզ նմանները շատ են, իսկ որտեղի՞ց գտնել մեր խալիֆի նմանին:
Իմանալով այս մասին, խալիֆի կինը համաձայնվում է, որ ոչ թե իր, այլ աղախնի տղան կառավարի խալիֆությունը:

*Հարուն ալ Ռաշիդ (VIII դ.) – արաբական խալիֆ Աբասյանների դինաստիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել