Կամ ինչպես մանկությունից «Էպիլեպսիայով» տառապող հիվանդից սարքել ռեցիդիվ հանցագործ…
Սա այն դեպքն է, երբ ողջամտության մասին հնարավոր բոլոր խոսակցություններն անիմաստ են ու անտեղի, քանի որ մարդը հարկադրաբար կորցրել է զարմանալու ընդունակությունը:
Առիթ ունեցել եմ այս թեմայով մի քանի անգամ հրապարակավ արտահայտվել, սակայն այն, ինչ կատարվում է այս քրեական գործով, ինձ համար մարդկայնորեն ոչ միայն անընդունելի է, այլև այն հնարավոր չէ այլ ձևով որակել, քան որպես կատարյալ իրավական բեսպրեդել…
Սա այն դեպքն է, երբ պաշտպանյալդ` Սարիկ Ուլուխանյանը, մանկուց տառապում է հոգեկան հիվանդությամբ, և դու մի ամբողջ տարի խնդրում ես սկզբում նախաքննություն իրականացնող մարմնին, այնուհետև՝ դատարանին` նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, և քեզ մի ամբողջ տարի մերժում են` «անհիմն» լինելու պատճառաբանությամբ…
Սա այն դեպքն է, երբ քննիչն առանց քո մասնակցության այցելում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»՝ ՔԿՀ-ում հարկադիր բուժման մեջ գտնվող պաշտպանյալիդ, և «ծանոթացնում» փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, ավելին, այդ ընթացքում, պաշտպանյալդ «հասցնում» է համաձայնվել և հայտնել իր դիրքորոշումը նշված որոշման մասին:
Սա այն դեպքն է, երբ սևով սպիտակի վրա գրում ես, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի ուժով քո ներկայությունը պարտադիր էր նշված քրեադատավարական գործողությանը, քեզ պատասխանում են, որ ասածդ «անհիմն» է:
Սա այն դեպքն է, երբ սևով սպիտակի վրա գրում ես, որ խախտել են պաշտպանյալիդ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված իրավունքները, մասնավորապես` պաշտպանյալդ զրկված է եղել վերը նշված հոդվածով իրեն տրված իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ավելին, որ նրան, ըստ էության, գաղտնի և առանց վերջինիս կամքի, իսկ ճիշտ կլինի երևի ասել` «Դատապարտյալների հիվանդանոցից» գողացել ու տարել են ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության, քեզ պատասխանում են, որ ասածդ ու գրածդ «անհիմն» է:
Սա այն դեպքն է, երբ վերաքննիչ քրեական դատարանին ներկայացնում ես պաշտպանյալիդ վերաբերյալ 2013 և 2014 թթ. անցկացված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները, որից պարզվում է, որ 2014թ. տրված եզրակացությունը, ըստ էության, տառացիորեն արտագրված է 2013թ. եզրակացությունից, ինչից պետք է հանգել հետևության, որ ամբուլատոր փորձաքննություն, որպես այդպիսին, իրականում չի եղել (մի 5 րոպե խոսել են պաշտպանյալիդ հետ ու ասել` ցտեսություն), և խնդրում ես, որ անթույլատրելի ապացույց ճանաչվի 2014թ. տրված եզրակացությունը, քեզ մերժում են` «անհիմն» լինելու պատճառաբանությամբ…

Հ.Գ.1. Դատավճիռը հրապարակել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը:

Հ.Գ.2 Վերաքննիչ բողոքը մերժվել է նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանի, դատավորներ Սևակ Համբարձումյանի և Գրիշա Մելիք-Սարգսյանի կողմից:

Հ.Գ.3. Այս քրեական գործի մասին առավել մանրամասն կներկայացնենք մի քանի օր անց…

Կեցցե՛ մեր դատական համակարգը, և կեցցե՛ մեր արդարադատությունը….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել