Ավելի քան մոտ մեկ միլիոն տարի առաջ Երկիր մոլորակի կլիման գնալով աստիճանաբար սկսեց ցրտել: Լեռները պատվեցին ձյունով ու հաստ սառցադաշտերով: Դանդաղ, բայց հաստատակամ կերպով փոխվեցին գետերի հունը, ծովերի ու օվկիանոսների ուրվագծերը:
Երբեմնի Արարչաստեղծ մշտադալար հասարակածային բուսականության տեղերում սկսեցին աճել փշատերև անտառներ, իսկ շատ վայրերում ձևավորվեցին անսահման տափաստաններ և հսկայական այլ ամայի տարածություններ:
Այս ամենի արդյունքում անհետացած հին կենդանական աշխարհին փոխարինեցին եղջերուները, ցուլերը, ձիերն ու փղերը, որոնց հոտերը տարածվեցին ամբողջ Հյուսիսային կիսագնդում և կեր ու սնունդ դարձան նոր գիշատիչների ու հողեղեն ադամաստեղծ նախամարդկանց համար:
Ուշագրավ է, որ վերոնշյալ կաթնասուններից ամենից լավ փղերը հարմարվեցին սաստիկ ցրտերին: Նրանցից՝ փրչոտ այդ հսկաների ամենախոշոր մամոնտների հասակը կազմում էր 3,5 մետրի, իսկ քաշը՝ ավելի քան 6 տոննայի: Մամոնտներն ունեին կարճ վիզ, խիտ մազոտ կնճիթ և երկար ժանիքներով մեծ գլուխ:
Սյունանման ոտքերի ներբանների երկարությունը երբեմն կես մետրից անցնում էր: Առաջին փղի՝ մամոնտի մարմինը խիտ թավամազ էր, որով և պաշտպանվում էր Արկտիկայի խիստ և դաժան սառնամանիքներից ու մոլեգնող բքի դառնաշունչ պայմաններից:
Նույն ժամանակահատվածում նախնադարյան փղերը և մամոնտները հասան մինչև Հայկական բնաշխարհ, որը դեռևս հրաբխային ժայթքումներից չէր սառել: Հաստատվելով Հայկական Բնաշխարհում՝ հսկա մամոնտները թեպետ հարմարվեցին Հայաստանի կլիմային, սակայն սաստիկ ուժեղ ցրտերի բացակայության հետևանքով կորցրեցին իրենց թավամազ մորթու զգալի մասը: Այս ամենի պատճառով նրանք տարբերվեցին իրենց հյուսիսային եղբայրակիցներից և հնէաբանների կողմից կոչվեցին Elephas trogontherii, որը թարգմանաբար նշանակում է Սառցադաշտային փղեր: Նախնադարյան փիղը կամ առհասարակ մամոնտը համարվում է ամենախոշոր կենդանին, որն ապրել է պատմական Հայաստանի լեռներում:
Անցան հազարամյակներ: Հյուսիսային կիսագնդի կլիման դարձյալ տաքացավ, թեպետ ոչ նախկինի նման: Այլ հասարակածային մշտադալար անտառին ամենուրեք փոխարինեց բարեխառն գոտուն բնորոշ այսօրվա սաղարթախիտ, փշատերև անտառը, որի արդյունքում փոխվեց նաև Հյուսիսային գոտու բուսական և կենդանական աշխարհը: Մամոնտներն ու նախնադարյան հնագույն ցրտադիմացկուն փղերն անվերադարձ անհետացան երկրի երեսից: Նրանց դիակները թաղված մնացին հողի հաստ, դարավոր շերտի ու ապարների նստվածքների տակ:
Արկտիկայի, Սկանդինավիայի, Հեռավոր Սիբիրի, Կանադայի և Ալյասկայի տարածքներում բնիկներն ու ճանապարհորդները հաճախ հանդիպում էին անհետացած փղերի և մամոտների հսկայական կմախքների և հաճախ նույնիսկ լավ պահպանված մամոնտների թարմ լեշերի, որոնք, թաղված լինելով հաստ ձյան շերտի տակ, ընդհանրապես չէին նեխել կամ քայքայվել: Ավելին բևեռային շները հաճախ սնվում էին մամոնտների դարավոր, բայց լավ պահպանված լեշերով: Այստեղ այնքան շատ են եղել նախնադարյան փղի և մամոնտների հոտերը, որ 17-18-րդ դարերում առասպելներ տարածվեցին, թե իբր Ալեքսանդր Մակեդոնսցու զինվորներն են այս կենդանիներին քշել, բերել.....
Հայաստանում բրածո փղերի հետքեր առաջին անգամ հայտնաբերվել են 19-րդ դարի վերջերին Ալեքսանդրապոլի (Գյումրի) ծայրամասերում, Թիֆլիս-Կարս երկաթուղային շինարարության ժամանակ, Ձորագետ և Փամբակ գետերի խառվելու միջագետքում: Այստեղ հայտնաբերված մամոնտների և փղերի ոսկորները ցուցադրվել են Պետերբուրգի (Սանկ-Պետերբուրգ) և Թիֆլիսի (Թբիլիսիի) ազդեցիկ թանգարաններում: Սակայն ամենահետաքրքիր հայտնագործությունը Հայկական Լեռնաշխարհում այս առումով կատարել է անգլիական արշավախումբը 1856 թ. գնդապետ Ջ. Շիլի գլխավորությամբ: Նրանք եղել են Արևմտյան Հայաստանի Խնուս քաղաքի մոտակայքում, որտեղ և գտել են հնադարյան փղի ոսկորներ: Կենդանու ոսկորների վերականգնումից հետո այն կոչեցին Elephas armeniacus կամ հայկական փիղ: Խնուսի հայկական փղի վերականգված կմախքն առայսօր գտնվում, պահպանվում և ցուցադրվում է աշխարհի ամենախոշոր Լոնդոնի Բրիտանական թանգարանում, 32250 թվագիր համարի ներքո: 1928թ. մայիսին Լենինականի (Գյումրի) ավազահանքերում փորելու աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերվեց նախնադարյան փղերի մի ամբողջական գերեզմանոց, որը հետաքրքրեց ոչ միայն մասնագետներին, այլև տեղացի բնակիչներին, որոնք ակտիվ կերպով մասնակցեցին բրածո փղերի որոնումներին: Պեղումների և որոնումների շնորհիվ պեղված և հայտնաբերված նյութերը Լենինական-Գյումրիից տեղափոխվեցին Երևան, և ամբողջական վերականգնումից հետո այն իր հանգիստը և տեղը գտավ Հովհաննես Կարապետյանի անվան Հայաստանի երկրաբանական թանգարանում: Այստեղ մասնագետ-արձանագործների օգնությամբ հավաքեցին բրածո նախնադարյան փղի ամբողջական կմախքը: Ի տարբերություն Սիբիրի և Կանադայի հյուսիսային շրջանների, որոնք առատ են նախնադարյան փղերի և մամոնտների մնացորդներով, Հայաստանի ներկայիս տարածքում յուրաքանչյուր նոր գտածո նորովի երևույթ է հանդիսանում մեզանում: Դրանով իսկ ավելի գնահատելի է դառնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի (Կրասնոսելսկ) (Վերին Ճամբարակ թաղամաս) բնության պատանի հետախույզների անսպասելի գյուտը: Նրանք՝ Ճամբարակի աշակերտությունը, 1982 թ. հունվարին դպրոցական արշավներից մեկի ժամանակ շինարարական մի փոսորակի մեջ նկատում են երևացող տարօրինակ ոսկորներ: Մայրաքաղաքից Ճամբարակ գործուղված երկրաբանների օգնությամբ երեխաները պարզեցին, որ իրենց ձեռքում բրածո փղիկի ատամներ են: Ուշագրավ է, որ Ճամբարակի բրածո փղիկի հայտնագործության փաստի շնորհիվ ողջ Սևանա լճի ավազանը գրանցվեց Հայաստանի փղերի հնադարյան բնակավայրերի ցուցակում: Ավելին Ճամբարակ-Կրասնոսելսկը ճանաչվեց ողջ հանրապեության հնէաբանության ուսումնասիրողների կողմից վայր, որտեղ անհամար հոտերով ապրել են հայկական ցրտադիմացկուն փղերն ու մամոնտները: Միաժամանակ Ճամբարակի մամոնտի հայտնագործության շնորհիվ ողջ Սևանա լճի ավազանը (ներկայումս Գեղարքունիքի մարզ) ընդունվեց որպես հայկական մամոնտի բնակության տարածաշրջաններից մեկը ողջ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամա, Սևանի (Շահդաղ) և Վարդենիսի լեռներում (ի դեպ, Վարդենիսի լեռներում է գտնվում աշխարհի հնագույն աստղադիտարանը և այն լուրջ ուսումնասիրության կարիք ունի) պահպանված ժայռապատկերներում որսի տեսարանների մեջ հայ ոսորդ նախամարդը խոցվող ցուլի, բիզոնի, եղջերուի, արջի, վարազի, այծի հետ միասին նաև պատկերել է մամոնտ:
Ոգևորված լինելով իրենց ճամբարակցի հասակակիցների աշխատանքով՝ նման խիզախ որոնումների գնացին նաև քաղաքամայր Երևանի պատանի երկրաբանները: Նրանց նույնպես հաջողություն էր սպասվում, բայց մի ուրիշ կարգի: Գութանասարի հովիվները երեխանների հետ ունեցած զրույցի ժամանակ պատանի դպրոցականներին պատմեցին Փղիձոր կոչվող խորհրդավոր կիրճի մասին: Սակայն փնտրտուքի ընթացքում երևանցի դպրոցականները բրածո փղի փոխարեն գտան նրա քարե արձանը՝ բնական չափերով: Իսկապես որ, արարչական բնությունը հրաբխային ապարի հսկայական բեկորից կերտել էր փղի մի պատկեր, որը զարմանալիորեն նման է իսկական փղի:

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան: Գեղարքունիքի թեմի Սևան-Շորժայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել